Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
սեպտեմբեր 04, 2026
Պաշտոնապես ազդարարվել է Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնի բացումը․ Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում տեղի ունեցած միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, գրողներ, հրատարակիչներ, ընթերցասեր հանրության ներկայացուցիչներ։
Գրքի երևանյան 9-րդ փառատոնի թեման լեզուն է՝ որպես քաղաքակրթության հիշողությունը ամբարող և փոխանցող միակ երևույթ։
Փառատոնն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ։
Ողջունելով ներկաներին և շնորհավորելով փառատոնի բացման կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ ծրագրային ընդգրկվածությունը հնարավորություն է տալիս փառատոնի երեք օրերին լիարժեք խոսել ամենակարևոր թեմաների շուրջ՝ քննարկել և արձանագրել, որ քաղաքը կարդում է։
«Փառատոնը տարեցտարի զարգանում է, ապրում իր սեփական կյանքով՝ ընդլայնելով սահմաններն ու աշխարհագրությունը, բերելով նոր համագործակցություններ, որոնք նպաստում են նոր շուկաների նվաճմանը: Փառատոնը մեզ համար նաև ընթերցանության կարևորությունն ընդգծելու հրաշալի հնարավորություն է, հատկապես որ ԿԳՄՍ նախարարությունն այս ուսումնական տարին հայտարարել է Ընթերցանության տարի, որը մեկնարկում ենք Գրքի Երևանյան միջազգային փառատոնով։ Ժամեր առաջ այս դահլիճում քննարկել ենք՝ ինչպես խթանել ընթերցանությունը դպրոցում»,- ասել է նախարարը։
Նրա տեղեկացմամբ՝ Հայաստանը մասնակցում է սովորողների գնահատման Պիզա (PISA) միջազգային ծրագրին, որով չափվում է 15 տարեկանների ընթերցանության որակը․ հետազոտության արդյունքները հայտնի կդառնան առաջիկայում։ Այն, ըստ նախարարի, կտա ելակետային տվյալներ՝ հասկանալու անելիքներն ընթերցանությունը զարգացնելու ուղղությամբ։
Ժաննա Անդրեասյանի դիտարկմամբ՝ ընթերցանությունը կրթական համակարգի բաղադրիչ լինելուց զատ՝ նաև կենսակերպ պետք է դառնա․ «Ընթերցանությունն այն հիմնական մեթոդն է, որի միջոցով կարողանում ենք անձնային զարգացում ապրել։ Ուրախ եմ, որ Գրքի երևանյան միջազգային փառատոնի հեղինակությունը տարեցտարի ընդգծվում է նաև միջազգային գործընկերների շրջանում, և հուսով եմ, որ ընդլայնվող կապերն ու գործընկերությունը հավելյալ խթան կդառնան մեր երկրում գրահրատարակչության, գրական գործունեության զարգացման համար»։
Նա առանձնակի կարևորել է փառատոնի անցկացումը մարզերում՝ որպես շարունակական քաղաքականություն․ նախորդ տարվա փորձը ցույց է տվել, որ թե՛ Գյումրիում, թե՛ Կապանում փառատոնը սպասված էր: Այս տարի փառատոնը կհյուրընկալվի Մեղրիում՝ որպես 2026 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք:
Ներկաներին ողջունել է նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ընդգծելով, որ տեխնոլոգիական առաջընթացի պայմաններում կարդալը հատկապես առաջնային է։ Նա հիշատակել քաղաքապետարանի աջակցությամբ իրականացվող բազմաթիվ մշակութային ծրագրեր և ընդգծել՝ բոլոր նախաձեռնությունները եկել են հենց այն համոզմունքից, որ մշակույթը գերկարևոր է։
Փառատոնի տնօրեն Անի Ղազարյանը հակիրճ ներկայացրել է փառատոնի վերջին 3 տարիների ձեռքբերումները: Ըստ այդմ՝ փառատոնը դարձել է միջազգային՝ ընդգրկվելով Վերսոպոլիս համաեվրոպական պոեզիայի հարթակում։
Փառատոնի շրջանակում մեկնարկել է նաև հրատարակիչների Fellowship ծրագիրը, կատարվել է գրական մրցույթների համակարգի փոփոխություն․ հանրապետական գրական մրցույթը դարձել է անանուն։ Ստեղծագործությունները ներկայացվում են բացառապես կոդավորված համակարգով՝ հնարավորինս բացառելով հեղինակի ինքնության ազդեցությունը գնահատման վրա։
Բացման արարողությանը հաջորդել է Ռուբեն Հախվերդյանի «Խոսքեր» գրքի շնորհանդեսը՝ հեղինակի մասնակցությամբ:
Գրքի երևանյան միջազգային փառատոնը կշարունակվի մինչև սեպտեմբերի 6-ը Հանրապետության հրապարակում: Փառատոնի ծրագրում ընդգրկված է 54 միջոցառում, մասնակցում են գրողներ և հրատարակիչներ 13 երկրից:
Գրքի ցուցահանդես-տոնավաճառին մասնակցում են շուրջ 60 կազմակերպություններ, գրքերը վաճառվելու են 20-40 տոկոս զեղչով:
Փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետրանն է։