Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Սպորտ

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի նախնական փուլերին 951 դպրոցի 4244 աշակերտ է մասնակցել

սեպտեմբեր 09, 2026

Սեպտեմբերի 11-12-ը Գեղարքունիքի մարզում կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի եզրափակիչ փուլը, որին կմասնակցեն Հայաստանի 10 մարզերի և Երևանի՝ մարզային ու քաղաքային փուլերում լավագույն արդյունքները գրանցած թիմերը։

Եզրափակիչը կանցկացվի Սևանի թերակղզի–Շողակաթ բնակավայր 40 կմ ճանապարհահատվածում։ Մրցումներին նախորդող օրը՝ սեպտեմբերի 11-ին, ավանդույթի համաձայն, մասնակիցների համար կկազմակերպվի ճամբար և հանդիպում խարույկի շուրջ, իսկ սեպտեմբերի 12-ին կկայանա եզրափակիչ հեծանվավազքը։ Այս տարի մրցաշարն անցկացվում է «Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքի օրերին։

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարն անցկացվում է երեք փուլով՝ համայնքային, մարզային և եզրափակիչ։ 2026 թվականի ապրիլ-մայիսին և մայիս-հունիսին Հայաստանի 10 մարզերում ու Երևանում անցկացվել են առաջին երկու փուլերը, որոնց ընդհանուր առմամբ մասնակցել է 951 դպրոցի 4244 աշակերտ։ Համեմատության համար՝ 2025 թվականին մրցաշարին մասնակցել էր 940 դպրոցի 4214 աշակերտ։

Մրցաշարն անցկացվում է երկու տարիքային խմբերում՝ 7-9-րդ և 10-12-րդ դասարանների սովորողների շրջանում։ Եզրափակչի ուղեգիր են նվաճել մարզային և Երևանի քաղաքային փուլերում յուրաքանչյուր տարիքային խմբում առաջին տեղը զբաղեցրած դպրոցների թիմերը։ Այսպիսով՝ եզրափակիչ փուլում հանդես կգա 22 թիմ՝ ընդհանուր 66 մասնակցով։

7-9-րդ դասարանների տարիքային խմբում յուրաքանչյուր դպրոցի թիմում ընդգրկվում են մեկ տղա և մեկ աղջիկ, իսկ 10-12-րդ դասարանների խմբում՝ երկու տղա և երկու աղջիկ։

Եզրափակիչ փուլում Երևանը կներկայացնեն Գևորգ Չաուշի անվան N 188 հիմնական դպրոցի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցի թիմերը։ Արագածոտնի մարզից կմասնակցի Ագարակի Տ. Թերլեմեզյանի անվան միջնակարգ դպրոցը, որը եզրափակչում ներկայացված կլինի երկու տարիքային խմբերում։

Արարատի մարզը կներկայացնեն Մասիսի N 4 հիմնական և Ուրցաձորի միջնակարգ դպրոցները, Արմավիրի մարզը՝ Մայիսյանի միջնակարգ և Խանջյանի Արմեն Բենիամինի Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցները, Գեղարքունիքի մարզը՝ Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան N 1 հիմնական և Լճաշենի Ա. Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցները։

Լոռու մարզից եզրափակիչ են անցել Լեռնահովիտի Ս. Կարապետյանի անվան միջնակարգ և Հաղպատի միջնակարգ դպրոցները, Կոտայքի մարզից՝ Ակունքի և Կապուտանի միջնակարգ դպրոցները, Շիրակի մարզից՝ Բայանդուրի և Պեմզաշենի միջնակարգ դպրոցները։

Սյունիքի մարզը կներկայացնեն Կապանի N 5 և Ալվանքի միջնակարգ դպրոցները, Վայոց ձորի մարզը՝ Ագարակաձորի Յուրա Խաչատրյանի անվան և Աղավնաձորի Գ. Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցները, իսկ Տավուշի մարզը՝ Բերքաբերի և Սևքարի միջնակարգ դպրոցները։

Մրցաշարի երկու տարիքային խմբերում մրցանակային առաջին երեք տեղերը զբաղեցրած դպրոցների թիմերը, աշակերտներն ու ֆիզկուլտուրայի ուսուցիչները կպարգևատրվեն գավաթներով, մեդալներով, հավաստագրերով և դրամական մրցանակներով։

Յուրաքանչյուր տարիքային խմբում առաջին տեղը զբաղեցրած դպրոցին կտրամադրվի 4 մլն դրամ, երկրորդ տեղը զբաղեցրածին՝ 2.5 մլն դրամ, իսկ երրորդ տեղը զբաղեցրածին՝ 1.5 մլն դրամ։ Մրցաշարի կանոնակարգի համաձայն՝ դպրոցներին հատկացվող մրցանակային գումարները պետք է ուղղվեն մարզական ենթակառուցվածքների բարելավմանը կամ մարզական գույքի ձեռքբերմանը։

Հաղթող թիմի ֆիզկուլտուրայի ուսուցիչը կստանա 700 հազար դրամ, երկրորդ տեղը զբաղեցրած թիմինը՝ 500 հազար դրամ, իսկ երրորդ տեղը զբաղեցրած թիմինը՝ 300 հազար դրամ։

Յուրաքանչյուր տարիքային խմբում առաջին տեղը զբաղեցրած թիմի յուրաքանչյուր աշակերտ կստանա 150 հազար դրամ, երկրորդ տեղինը՝ 100 հազար դրամ, իսկ երրորդ տեղինը՝ 75 հազար դրամ։

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարն անցկացվում է 2021 թվականից։ 2024 թվականից մրցաշարի ձևաչափը փոփոխվել է, և այն անցկացվում է բացառապես դպրոցահասակ երեխաների մասնակցությամբ՝ նպատակ ունենալով խթանել աշակերտների շրջանում հեծանվային սպորտի և ակտիվ կենսակերպի տարածումը։