Դպրոցների ենթակայության փոփոխության մասին քննարկումներ՝ Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
հուլիսի 03, 2026
Մարզային դպրոցների ենթակայության փոփոխության հարցերի քննարկումները շարունակվում են․ հերթական խոհրդակցությունները տեղի են ունեցել Վայոց ձորի և Սյունիքի մարզերում։
Քննարկվել է «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությամբ պայմանավորված ենթակայության փոփոխության համակարգված իրականացումը՝ հստակեցնելով և պարզաբանելով նախարարության և մարզպետարանների գործառույթները։
Խորհրդակցությունները վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Ներկա են եղել Հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, Սյունիքի և Վայոց ձորի մարզային կրթության վարչությունների պատասխանատուները, դպրոցների տնօրենները, վարչատնտեսական մասի համակարգողները։
«Բարեփոխման արդյունքում շուրջ 1400 դպրոց է դառնում ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ: Աշխատանքի ծավալը մեծանալու է, և կարևորում ենք, որ այդ ծավալի մեջ որևէ խնդրի բացթողում չլինի: Այդ նպատակով կլինեն մարզային պատասխանատուներ, որոնք անմիջական կապի մեջ կլինեն դպրոցների հետ՝ հնարավորինս արագ արձագանքելու խնդիրներին՝ նաև պարբերաբար դպրոցներ այցելելով: Այս աշխատանքները փոխկապակցված են և ենթադրում են մարզպետարանների հետ սերտ աշխատենք՝ դպրոցների գործունեությունը լավարկելու նպատակով»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ ընդգծելով, որ դպրոցների գործունեության համար կարևոր նշանակություն ունեցող վարչական և տնտեսական ծառայությունների ապահովումը ամբողջությամբ թողնվում է մարզպետարաններին։
Նա անդրադարձել է նաև ակտիվորեն իրականացվող թվայնացման գործընթացին՝ ընդգծելով, որ դրանք նպատակ ունեն հնարավորինս բարելավել դպրոցների թափանցիկությունն և հաշվետվողականությունը: Նախարարի տեղակալի խոսքով՝ այս պահին դպրոցների թափուր հաստիքների հայտարարման գործընթացն է թվայնացվում, որը դեռևս պիլոտային փուլում է:
Արաքսիա Սվաջյանը հանդիպման ընթացքում անդրադարձել է նաև հանրակրթության նոր չափորոշչի կարգավորումներին, ուսուցիչների գործուղման գործընթացի ակտիվացմանը, նոր ներդրված տնօրենի տնօրենի գործուղման կարգին և այլ հարցերի:
Նա առանձնակի անդրադարձել է նաև պետական քաղաքականությանը՝ ուղղված ենթակառուցվածքների զարգացմանն ու նպատակային օգտագործմանը՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրում կարևորելով նաև համայնքների դերակատարումը:
«Դպրոցական ենթակառուցվածքներն ավելի լայն կիրառում են ունենալու, իսկ այս հարցում համայնքներն ակտիվ դերակատարում պետք է ունենան՝ համակարգելու դրանց գործառութային նշանակությունն ու բնակիչների նախասիրությունները։ Կառուցվող կրթահամալիրներն ունեն նաև համայնքի զարգացման և բնակիչներին տարբեր ծառայությունների մատուցման գործառույթ, ուստի, շատ կարևոր է, որ համայնքներն աստիճանաբար սկսեն դպրոցների կառավարման հարցում ունենալ ակտիվ ներգրավվածություն»,- ասել է Արաքսիա Սվաջյանը: