Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Մշակույթ

Ֆրանսիական փորձը՝ Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության գործընթացներում

սեպտեմբեր 10, 2026

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում մեկնարկել է «Ոչ նյութական մշակութային ժառանգությունը Ֆրանսիայում և դրա պահպանությունը կայուն զարգացման տեսանկյունից» խորագրով վերապատրաստման քառօրյա դասընթացը։ Նպատակն է մասնակիցներին ներկայացնել ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ֆրանսիական փորձը, ինչպես նաև կայուն զարգացման համատեքստում դրա պահպանության և փոխանցման ժամանակակից մոտեցումները։

Դասընթացին մասնակցում են Հայաստանի տարբեր համայնքներից ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտում ներգրավված մասնագետներ և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ՝ մարզպետարանների և համայնքապետարանների մշակույթի բաժինների, թանգարանների, գրադարանների ու մշակույթի կենտրոնների աշխատակիցներ, ժողովրդական ստեղծագործության մասնագետներ և վարպետներ։

Դասընթացի բանախոսներն են Ֆրանսիայի ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտի առաջատար մասնագետներ Քյարա Բորտոլոտոն և Լիլի Մարտինեն, որոնք մասնակիցների հետ կկիսվեն ոլորտում իրենց մասնագիտական փորձով և գիտելիքներով։

Դասընթացն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության միջև 2025 թվականի նոյեմբերի 5-ին կնքված Գործընկերության պայմանագրի համաձայն՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և ԿԳՄՍ նախարարության համագործակցությամբ իրականացվող «Հայաստանի մշակութային ժառանգության պահպանում, արժևորում և մասնագետների վերապատրաստում» ծրագրի շրջանակում։

Դասընթացը կարևոր քայլ է Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ոլորտում մասնագիտական կարողությունների զարգացման և միջազգային փորձի փոխանակման ուղղությամբ։ Այն հնարավորություն է ընձեռում Հայաստանի տարբեր համայնքների ներկայացուցիչներին ծանոթանալու Ֆրանսիայի փորձին, խորացնելու ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության վերաբերյալ իրենց գիտելիքները և ձեռք բերած փորձը կիրառելու համայնքային մակարդակում։

Ծրագրի իրականացումը կնպաստի Հայաստանում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության գործընթացների առավել արդյունավետ կազմակերպմանը, տեղական համայնքների ներգրավվածության ամրապնդմանը և կենսունակ ժառանգության փոխանցման ու զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը։