PISA 2025 կրթական արդյունքների միջազգային գնահատում․ գլոբալ միտումներն ու առանցքային տվյալները
սեպտեմբեր 10, 2026
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկել է PISA 2025 միջազգային հետազոտության՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային արդյունքների պաշտոնական ներկայացումը։
«Learning Reimagined» («Վերաիմաստավորված ուսումնառություն») խորագրով համաժողովին մասնակցում են PISA 2025 ծրագրում ընդգրկված 91 երկրներից և տնտեսություններից 31-ի ներկայացուցիչներ։ Հայաստանից համաժողովին մասնակցում է ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը։
Կրթական արդյունքների անկում ՏՀԶԿ երկրներում
PISA 2025-ի տվյալները վկայում են համաշխարհային մակարդակով կրթական արդյունքների անկման մասին, որը հատկապես նկատելի է ընթերցանության և մաթեմատիկայի ոլորտներում։ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ/OECD) երկրներում վերջին տասնամյակում միջին ցուցանիշները նվազել են ավելի քան 20 միավորով, ինչը գնահատվում է որպես շուրջ մեկ ուսումնական տարվա ուսումնառության կորստին համարժեք տարբերություն։
Հետազոտության արդյունքներում առանձնացվում են սովորողների առաջադիմության վրա ազդող մի շարք գործոններ՝ ուսուցչի և ծնողների աջակցությունից մինչև թվային տեխնոլոգիաների ու արհեստական բանականության օգտագործում։
Ուսուցչական աջակցությունը. PISA 2025-ի արդյունքներով Հայաստանն առաջատար դիրքերում է աշակերտներին ուսուցիչների կողմից ցուցաբերվող աջակցության ցուցանիշով։
Ծնողական աջակցության ուժը. հետազոտությունը կարևորում է նաև ծնողների ներգրավվածությունը երեխայի կրթության գործընթացում։ Տվյալների համաձայն՝ ծնողի՝ երեխայի դպրոցական առօրյայով հետաքրքրվելը, այդ թվում՝ դպրոցում անցկացրած օրվա և սովորածի մասին զրուցելը, բնագիտության ոլորտում զուգակցվում է մինչև 26 միավոր ավելի բարձր արդյունքի հետ։
Թվային սարքերի չափավորությունը. առանձին ուշադրություն է դարձվում թվային տեխնոլոգիաների օգտագործմանը։ Ուսումնական նպատակներով թվային սարքերի չափավոր՝ օրական 1-3 ժամ օգտագործումը կապվում է ավելի բարձր կրթական արդյունքների հետ, մինչդեռ ժամանցային նպատակներով դրանց չափից ավելի օգտագործումը կարող է բացասաբար անդրադառնալ սովորողների առաջադիմության վրա։
Արհեստական բանականություն (ԱԲ). PISA 2025-ի շրջանակում դիտարկվել է նաև արհեստական բանականության կիրառումը կրթության մեջ։ Արդյունքները ցույց են տալիս, որ այն սովորողները, որոնք ԱԲ գործիքներն օգտագործում են որպես ուսումնառության օժանդակ միջոց՝ տեղեկություններ ուսումնասիրելու, հետազոտելու և գիտելիքները խորացնելու նպատակով, ավելի բարձր արդյունքներ են ցուցաբերում։ Միաժամանակ, պատրաստի պատասխաններ կամ տեքստեր ստանալու համար ԱԲ-ի օգտագործումը զուգակցվում է ավելի ցածր ցուցանիշների հետ։
«Հայաստան. 40,300 սերմեր»
Համաժողովի ընթացքում Հայաստանի պատվիրակությանը հանձնվել է նաև խորհրդանշական հուշանվեր՝ «ARMENIA 40,300 SEEDS» («Հայաստան. 40,300 սերմեր») մակագրությամբ։
PISA-ն (Programme for International Student Assessment) ՏՀԶԿ-ի կողմից իրականացվող միջազգային հետազոտություն է, որը գնահատում է 15-ամյա սովորողների՝ ընթերցանության, մաթեմատիկայի և բնագիտության ոլորտներում ձեռք բերած գիտելիքներն ու դրանք գործնական իրավիճակներում կիրառելու կարողությունները։ Հայաստանում գնահատումն իրականացվել է 2025 թ․ մարտ-մայիս ամիսներին, որին մասնակցել է մոտ 7000 սովորող 295 դպրոցից։
Բրատիսլավայի հանդիպումը PISA 2025-ի արդյունքների ներկայացմանը նվիրված տարածաշրջանային միջոցառումներից էր։ Նման հանդիպումներ անցկացվելու են նաև Լոնդոնում և Բուենոս Այրեսում, իսկ մինչև նոյեմբերի կեսերը արդյունքների ներկայացումները կշարունակվեն աշխարհի այլ կրթական կենտրոններում։