Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Սպորտ

Կստեղծվի սպորտի կառավարման տեղեկատվական համակարգ

սեպտեմբեր 11, 2026

Կառավարությունը 20,4 մլն դրամ ֆինանսավորում կհատկացնի սպորտի կառավարման տեղեկատվական համակարգի ստեղծման նպատակով։ Համապատասխան որոշումն ընդունվել է գործադիրի այսօրվա նիստում։

«Սպորտի ոլորտի կառավարման բարեփոխումը չի կարող ընթանալ առանց թվայնացման պատշաճ գործընթացի և կառավարման տեղեկատվական համակարգերի ներդրման, որոնք նաև ոլորտային քաղաքականությունը կդարձնեն փաստահեն և տվյալահեն»,- զեկուցելով հարցը` նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նրա ընդգծմամբ՝ Կառավարությունը հետևողական քաղաքականություն է իրականացնում սպորտի զարգացման ուղղությամբ՝ առաջնորդվելով ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների զարգացման ռազմավարությամբ։

Նախարարի խոսքով՝ ներկայում սպորտի ոլորտում միասնական տվյալների շտեմարան և կառավարման տեղեկատվական համակարգ չկա։ Արդյունքում` ձևավորվող տեղեկատվությունը հաճախ մասնակի է, թերի կամ ժամանակին չի թարմացվում, ինչն ազդում է տվյալների ամբողջականության և հավաստիության վրա։ Միաժամանակ, տվյալների մշակման և փոխանակման գործընթացներում առկա ավելորդ վարչարարությունը, ժամանակատար ընթացակարգերն ու թղթային փաստաթղթաշրջանառության գերակշռությունը նվազեցնում են կառավարման արդյունավետությունը, թափանցիկությունն ու վերահսկելիությունը։

«Սպորտի ոլորտում կառավարման տեղեկատվական էլեկտրոնային համակարգի ներդրումը հրատապ է նոր համակարգը կապահովի միասնական կառավարում, տվյալների օպերատիվ հասանելիություն և կբարձրացնի ոլորտի կառավարման արդյունավետությունը»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարը և հավելել՝ համակարգի ստեղծման օրենսդրական փոփոխություններն արդեն իրականացվել են, այժմ նախատեսվում է անցնել բուն ծրագրի մշակմանը։

Նոր ձևավորվող համակարգն աստիճանաբար կդառնա ոլորտի միասնական ռեգիստր։ Համակարգում առկա տվյալները կօգտագործվեն վիճակագրության վարման, ոլորտային քաղաքականությունների մշակման, որոշումների հիմնավորման, ֆինանսավորման գործընթացների, ինչպես նաև մոնիտորինգի և վերահսկողության նպատակով։

Համակարգը կունենա երեք հիմնական բաղադրիչ։

Առաջին բաղադրիչը վերաբերում է մարզադպրոցների գործունեության թվայնացմանը։ Այն հնարավորություն կտա հստակ վիճակագրություն վարել սպորտով զբաղվող երեխաների և երիտասարդների վերաբերյալ, ինչպես նաև հետևել նրանց առաջընթացին։

«Հաշվի առնելով, որ այս համակարգը փոխկապակցված է լինելու Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի հետ՝ հնարավոր կլինի փոխադարձաբար ստուգել սաների տվյալները, հաճախելիությունը՝ օգտվելով նաև դպրոցական համակարգի տվյալներից»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։

Երկրորդ բաղադրիչը վերաբերելու է բարձր նվաճումների սպորտի և մարզական ֆեդերացիաների գործունեության տվյալների թվայնացմանը։ Համակարգը հնարավորություն կտա էլեկտրոնային եղանակով ընդունել ֆեդերացիաների ֆինանսավորման հայտերը և իրականացնել ֆինանսավորման գործընթացը՝ միաժամանակ բարձրացնելով հաշվետվողականության և թափանցիկության մակարդակը։

Համակարգի միջոցով կապահովվի նաև մարզիկների սպորտային հետագծի տեսանելիությունը։ Հավաքագրված տեղեկատվությունը կարևոր նշանակություն կունենա որոշումների կայացման, այդ թվում՝ տարկետման համակարգի կիրառման համատեքստում։

«Հնարավոր կլինի շատ հստակ և տեսանելի կերպով հետևել մեր հավաքականների ձևավորմանը, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, ինչպես նաև այլ մրցաշարերում նրանց գրանցած ցուցանիշներին ու արդյունքներին»,- նշել է նախարարը։

Երրորդ բաղադրիչը կվերաբերի մասսայական սպորտին։ Այս ուղղությամբ նախատեսվում է տվյալներ հավաքագրել հանրության շրջանում ֆիզիկական ակտիվության ցուցանիշների, այդ թվում՝ մարզասրահներ հաճախելիության մասին։

Սպորտի կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման հարցը քննարկվել և հավանության է արժանացել Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի նիստում։