«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքը սպասարկում է լիցենզավորված մասնագիտական թիմը
սեպտեմբեր 11, 2026
Հայաստանում անցկացվող «Tour of Armenia» միջազգային բազմօրյա հեծանվավազքը, որը UCI Europe Tour-ի օրացույցում ընդգրկված է որպես 2.2 կարգի մրցաշար, հեռարձակվում է միջազգային մի շարք հեղինակավոր հարթակներում, այդ թվում՝ HBO Max, Disney+, ESPN, FloSports, Okko, SBS, SPOTV և Zhibo TV։ Միջազգային նման ընդգրկումը կնպաստի մեր երկրի զբոսաշրջային գրավչության և միջազգային տեսանելիության բարձրացմանը։
Կառավարության այսօրվա նիստում այս մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով մրցաշարի ընթացքը։
Ժաննա Անդրեասյանը մրցաշարի անցկացումը որակել է կարևոր իրադարձություն ինչպես հայկական սպորտի զարգացման, այնպես էլ երկրի միջազգային տեսանելիության բարձրացման տեսանկյունից․ «Սա մեզ համար, իսկապես, պատմական իրադարձություն է, որովհետև այս չափանիշի և որակի մրցաշարի կազմակերպումը և հեծանվային մեծ սպորտը Հայաստան բերելը շատ կարևոր են սպորտի հետագա զարգացման, ինչպես նաև մեր երկրի տեսանելիության բարձրացման համար։ Կարծում եմ՝ այս օրերին Հայաստանը դարձել է հեծանվային սպորտի շատ կարևոր կետ աշխարհի քարտեզի վրա»։
Աշխարհի տարբեր երկրներից ժամանած 16 պրոֆեսիոնալ թիմերը, այդ թվում՝ Հայաստանի ներկայացուցիչները, սեպտեմբերի 10-ին հաղթահարել են Գավառից Մեծ Մասրիկ 135 կմ երկարությամբ երթուղին:
Այսօր հեծանվորդները մեկնարկել են Կիրանց-Ստեփանավան 177 կմ երկարությամբ մրցուղին։ Օգոստոսի 12-ի երթուղին նախատեսված է Մարտունիից դեպի Պարզ լիճ՝ ներառելով Գեղարքունիքի, Տավուշի և Կոտայքի մարզերի տարբեր բնակավայրեր։ Մրցաշարը կեզրափակվի սեպտեմբերի 13-ին Երևանում՝ Հանրապետության հրապարակում։
«Մրցաշարի երթուղին կազմված է այնպես, որ մեր տարբեր համայնքներն ու բնակավայրերը տեսանելի դառնան, որը տվյալ տարածաշրջանի բնակիչների համար ևս մեծ իրադարձություն և տոն է։ Մեզ համար սա նաև սովորելու գործընթաց է, և մենք այս ընթացքն օգտագործում ենք նման մրցաշարեր կազմակերպելու փորձ ձեռք բերելու համար»,- քննարկման ընթացքում ասել է նախարարը՝ ընդգծելով, որ մրցաշարը կազմակերպված է միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան և սպասարկվում է լիցենզավորված մասնագիտական անձնակազմի կողմից։
Նախարարն ընդգծել է նաև լայնածավալ միջգերատեսչական համագործակցությունը՝ շնորհակալություն հայտնելով մրցաշարի կազմակերպման աշխատանքներում ներգրավված պետական կառույցներին և մասնագետներին։ Մասնավորապես՝ ճանապարհների նախապատրաստման, դրանցում երթևեկության ժամանակավոր սահմանափակումների և այլընտրանքային երթուղիների կազմակերպման, բնակավայրերի ընտրության աշխատանքներն իրականացվել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Ներքին գործերի նախարարությունների, Զբոսաշրջության կոմիտեի և այլ գերատեսչությունների մասնակցությամբ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հեծանվային սպորտն ամբողջ աշխարհում տնտեսական կշիռ ունեցող մարզաձևերից է, և Հայաստանում նման միջազգային մրցաշարերի անցկացումը կարևոր խթան կարող է դառնալ ինչպես մարզաձևի զարգացման և մասսայականացման, այնպես էլ երկրի զբոսաշրջային գրավչության ու միջազգային ճանաչելիության բարձրացման տեսանկյունից։