Համագործակցություն միջազգային համալսարանական վարկանիշավորման QS Quacquarelli Symonds կազմակերպության հետ
սեպտեմբեր 15, 2026
Կրթության զարգացման պետական ծրագրով սահմանված է հավակնոտ թիրախ՝ մինչև 2030 թվականը Հայաստանի առնվազն չորս բուհեր պետք է ընդգրկվեն միջազգային հեղինակավոր վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի շարքում։ Այս մասին հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը համաշխարհային համալսարանական վարկանիշավորման QS Quacquarelli Symonds կազմակերպության հետ համագործակցության մեկնարկի միջոցառմանը։
ԿԳՄՍ նախարարությունը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն և «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը նշված կառույցի հետ սկսում են համագործակցություն՝ նպատակ ունենալով բարելավել ՀՀ բուհերի դիրքերը միջազգային վարկանիշավորման համակարգերում։
Համագործակցության մեկնարկին նվիրված միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը,QS Quacquarelli Symonds-ի խորհրդատվության և վերլուծությունների ղեկավար Ժակ դը Շամփշընելը, ՀՀ բուհերի ռեկտորներ, պրոֆեսորադասախոսական կազմի և կրթության ոլորտի ներկայացուցիչներ։
Նախարարի խոսքով՝ բուհերի միջազգային դիրքավորման բարելավումը պահանջում է հետևողական և երկարատև աշխատանք․ QS-ի հետ համագործակցության մեկնարկը այդ ուղղությամբ կարևոր քայլերից է։ Այս փուլում QS-ի հետ համագործակցության շրջանակում խորհրդատվական աշխատանքները կիրականացվեն Երևանի պետական համալսարանի, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներգրավվածությամբ։ Բուհերի ընտրությունը փոխկապակցված է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքից բխող համակարգային բարեփոխումների և «Ակադեմիական քաղաք» ծրագրի տրամաբանության հետ։
«Ակնհայտ է, որ բարձրագույն կրթության համակարգի մրցունակության բարձրացումը պետք է լինի համալիր քաղաքականության արդյունք»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը դիտարկվում է որպես տեխնոլոգիական կլաստերի, Երևանի պետական համալսարանը՝ դասական կլաստերի, իսկ Երևանի պետական բժշկական համալսարանը՝ բժշկական կլաստերի հիմք՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում համապատասխան բուհերի և գիտական կազմակերպությունների հետ ինտեգրմամբ։
«Ակնկալում ենք, որ որ QS-ի գործընկերների աջակցությամբ մեր բուհերը կկարողանան իրականացնել անհրաժեշտ փոփոխությունները և վարկանիշավորման համակարգերում առաջընթաց գրանցել։ Միջազգային խորհրդատվական աջակցությունը չի ենթադրում պատրաստի լուծումների մեխանիկական կիրառում. միջազգային փորձը պետք է ուսումնասիրվի և կիրառվի՝ հաշվի առնելով Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի առանձնահատկություններն ու կարիքները։ Չկան պատրաստի դեղատոմսեր և պատրաստի լուծումներ բոլոր հարցերի համար. դրանք գտնվում են փորձի ուսումնասիրությամբ, համատեղ քննարկումներով, և կայացվող պատասխանատու որոշումներով։ Բոլոր որոշումները պետք է լինեն մտածված, քննարկված, հասկանալի, մասնակցային և թափանցիկ։ Սա նշանակում է, որ ամբողջ բարեփոխման գործընթացը հենց սկզբից պետք է իրականացվի բոլոր շահառուների ներգրավմամբ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը և հավելել՝ փոփոխությունները չեն կարող իրականացվել մեկ օրում կամ մեկ փուլով. պահանջվում է շարունակական և հետևողական աշխատանք։
Նրա խոսքով՝ առաջընթացը պետք է արտացոլի կրթության որակի բարելավումը, գործատուների և աշխատաշուկայի բավարարվածությունը, ուսանողների համար բարձրագույն կրթության գրավչության մեծացումը և, որպես արդյունք, Հայաստանի բարձրագույն կրթության միջազգային մրցունակության բարձրացումը, որի կարևոր ցուցիչներից է նաև օտարերկրյա ուսանողների ներգրավման աճը։
Միջոցառման ընթացքում QS Quacquarelli Symonds-ի խորհրդատվության և վերլուծությունների ղեկավար Ժակ դը Շամփշընելը ներկայացրել է կազմակերպության գործունեությունը, Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի հետ համագործակցության ռազմավարական ուղղությունները, միջազգային վարկանիշավորման մեթոդաբանությունն ու բուհերի մրցունակության բարձրացմանն ուղղված մոտեցումները։ Ժակ դը Շամփշընելը նշել է, որ առաջընթացի և տեսանելի արդյունքների համար առանցքային նշանակություն ունեն հայկական կողմի բաց մտածողությունը, փոփոխությունների նկատմամբ պատրաստակամությունն ու կառուցողական համագործակցությունը։
QS Quacquarelli Symonds-ը բարձրագույն կրթության ոլորտում մասնագիտացած միջազգային կազմակերպություն է, որը հայտնի է QS World University Rankings համաշխարհային համալսարանական վարկանիշով։ Բուհերի գնահատման շրջանակում հաշվի են առնվում, մասնավորապես, ակադեմիական, ինչպես նաև գործատուների շրջանում հեղինակությունը, գիտահետազոտական ազդեցությունը, շրջանավարտների զբաղվածության արդյունքները, միջազգային ներգրավվածությունը և մի շարք այլ ցուցիչներ։ Կազմակերպությունը նաև խորհրդատվական և վերլուծական աջակցություն է տրամադրում բուհերին և բարձրագույն կրթության համակարգերին՝ նպաստելով դրանց միջազգային տեսանելիության ու մրցունակության բարձրացմանը։