Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Մշակույթ

«Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» միջազգային ցուցահանդես

սեպտեմբեր 17, 2026

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» միջազգային ցուցահանդեսը:

Ցուցահանդեսի նշանային ստեղծագործությունն է Ղազախստանի Աբիլխան Կաստեևի անվան արվեստի ազգային թանգարանի բացառիկ փոխառությամբ ձեռք բերված «Լքյալը» ստեղծագործությունը, որը Սուրենյանցի գլուխգործոցն է:

Բացման արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանը և Տիգրան Վիրաբյանը, ՀՀ-ում Ղազախստանի ժամանակավոր հավատարմատար Ալիխան Ախմետովը, Աբիլխան Կաստեևի անվան արվեստի ազգային թանգարանի տնօրեն Գուլաիմ Ժումաբեկովան, դիվանագետներ, Հայաստանի և Ղազախստանի թանգարանային ու մշակութային ոլորտի ներկայացուցիչներ, արվեստասերներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել ցուցահանդեսի կայացման գործում ջանքեր ներդրած բոլոր կողմերին, այդ թվում՝ ղազախ գործընկերներին. «Մեր մշակութային կյանքում սա նշանակալի իրադարձություն է նախ էմոցիոնալ առումով. 130 տարի անց Հայաստանի ազգային պատկերասրահում հնարավորություն ունենք տեսնելու մեծանուն վարպետ Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» գլուխգործոցը։ Իրադարձությունը կարևորվում է նաև հայ-ղազախական կայուն հարաբերությունների առաջընթացի տեսանկյունից»:

Նա հավաստել է, որ երկու երկրների միջև մշակութային փոխգործակցությունը շարունակաբար զարգանում է՝ հիշատակելով նախընթաց տարիներին Հայաստանում Ղազախստանի և Ղազախստանում Հայաստանի մշակույթի օրերի անցկացումն ու դրանց շրջանակում կայացած միջոցառումները:

Ներկայացնելով կտավի պատմությունը՝ Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը նշել է, որ այն ստեղծվել է հայ ժողովրդի համար պատմական իրադարձությունների համատեքստում, և Վարդգես Սուրենյանցի հանճարը տվյալ իրողությունը մինչև համամարդկային հարթություն վեր հանելն էր. «Այսօր այս կտավի շուրջ քննարկումները ոչ թե կոնկրետ իրադարձությունների, այլ համամարդկային խնդիրների մասին են՝ կիզակետում ունենալով հումանիզմը: Ցուցադրության խորագիրը պատահական չէ ընտրված. կենտրոնում մարդն է՝ որպես բացարձակ արժեք»։

Ցուցահանդեսի շրջանակում առաջին անգամ մեկ ցուցադրական տարածքում, որպես ամբողջացող եռապատում, միավորվել են Սուրենյանցի ստեղծագործական ժառանգության առանցքային և մոնումենտալ երեք կտավները՝ «Լքյալը» (1894 թ.), «Ոտնահարված սրբություն» (1895 թ.), «Ջարդից հետո» (1898 թ.)։

Ցուցահանդեսում ներկայացվում են նաև Փանոս Թերլեմեզյանի, Սարգիս Խաչատուրյանի, Ժիրայր Օրագյանի, Մարիամ Ասլամազյանի, Արմինե Կալենցի և այլոց՝ մարդասիրական մտածողության ընդհանուր զարգացման ուղին բացահայտող ստեղծագործությունները, ինչպես նաև Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից երկու ստեղծագործություն և Սբ Առաքելոց եկեղեցու պատմական այն դուռը, որը պատկերված է Սուրենյանցի «Լքյալը» կտավում։

«Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» միջազգային ցուցահանդեսի համադրողը Վիգեն Գալստյանն է: