keyboard_arrow_left
Մշակույթ
«Առասպելներ, պաշտամունքներ և տիեզերագիտություն»․ Բեռլինի Թանգարանային կղզին՝ Հայաստանի պատմության թանգարանում
սեպտեմբեր 22, 2026
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և այլ պաշտոնատար անձինք Հայաստանի պատմության թանգարանում ներկա են եղել «Առասպելներ, պաշտամունքներ և տիեզերագիտություն․ Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» միջազգային ցուցադրության բացմանը:
Ցուցադրությունը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի առիթով։
Առաջին անգամ մեկ հարթակում համախմբված են Բեռլինի Թանգարանային կղզու վեց թանգարաններից բերված ավելի քան 50 նմուշները և Հայաստանի պատմության թանգարանի հարուստ հավաքածուներից ընտրված ցուցանմուշները։ Ներկայացված են Ուրուկից, Ասորեստանից, Բաբելոնից, Եգիպտոսից, Իրանից, Հունաստանից, Հայաստանից, Բյուզանդիայից, ինչպես նաև Իտալիայից, Գերմանիայից և այլ երկրներից հայտնաբերված ծիսական անոթներ, կնիքներ, զարդեր, զենքեր ու ճարտարապետական զարդաքանդակներ։
Ցուցադրությունն իրականացվում է Հայաստանի պատմության թանգարանի և Բեռլինի Թանգարանային կղզու Նախապատմության և վաղ պատմության թանգարանի համագործակցությամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության ֆինանսական աջակցությամբ։
Ցուցադրությունը լայն հանրության համար բաց կլինի սեպտեմբերի 22-ից և կգործի մինչև 2027 թվականի մարտի 21-ը։