Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Սպորտ

Այսօր տեղի է ունեցել «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացման արարողությունը:

սեպտեմբեր 20, 2026
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր:
Ակումբի նախագահ Վարդգես Վարդանյանի ուղեկցությամբ հյուրերը շրջայց են կատարել «Նոայի» մարզաբազայում, ծանոթացել ակումբում իրականացված ենթակառուցվածքային աշխատանքներին ու զարգացման ծրագրերին։ Վերակառուցված մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնը նախատեսված է մինչև 1,500 երեխայի և պատանու համար։ Կենտրոնի նպատակն է երեխաների և պատանիների համար ստեղծել ֆուտբոլային զարգացման ամբողջական միջավայր՝ ապահովելով մարզումների, կրթության և հետագա մասնագիտական զարգացման համար անհրաժեշտ պայմաններ։
Շրջայցի ընթացքում երկրի ղեկավարին ներկայացվել են առաջին թիմի մարզումային կենտրոնը, բնական և արհեստական ֆուտբոլային խաղադաշտերը, ինչպես նաև նորաբաց մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնը։ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է երեխաների մարզումների և ֆուտբոլային կրթության կազմակերպման համար ստեղծված պայմաններին, կենտրոնի հնարավորություններին, ակադեմիայի զարգացման ծրագրին։
Վարչապետին զեկուցվել է, որ ամբողջությամբ վերափոխվել են շենքի ներքին տարածքները, իրականացվել են նաև կառուցվածքային ամրացման և սեյսմակայունության բարձրացման աշխատանքներ։ Կենտրոնում ստեղծվել են 15 ժամանակակից հանդերձարաններ, ուսումնական և վերլուծական կենտրոն, մրցավարների հանդերձարան, սպասասրահ և մարզումային ու կրթական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ այլ տարածքներ։
Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է նաև «Noah Park» նախագիծը և դրա առանցքային բաղադրիչներից մեկը՝ ՈՒԵՖԱ-ի 4-րդ կարգի՝ 15,000 հանդիսական տեղավորող ապագա մարզադաշտը։ Ներկայացվել են մարզադաշտի նախագծային լուծումները, նախատեսվող ենթակառուցվածքները և ծրագրի իրականացման հաջորդ փուլերը։