Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
սեպտեմբեր 22, 2026
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը վարել է նախարար Ժաննա Անդրեասյանը: Օրակարգում ներառված էր մեկ հարց՝ «ՀՀ երիտասարդական քաղաքականությունը. երիտասարդական նախաձեռնող խմբերի աջակցման մեթոդաբանության նախագծի ներկայացում»: Նիստին ներկա է եղել նաև երիտասարդական քաղաքականության ոլորտը համակարգող նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը:
Անցնելով օրակարգի հարցին՝ ԿԳՄՍ նախարարը նշել է, որ երիտասարդական քաղաքականությունը ՀՀ կառավարության գործունեության առաջնահերթ ուղղություններից մեկն է, և 2026-31 թթ․ ծրագրում այն ունի առանձնահատուկ ներկայացվածություն. «Մեզ համար կարևոր է հասկանալ՝ ինչպես աշխատել երիտասարդական տարբեր խմբերի հետ, որպեսզի գործընթացը լինի առավել համակարգված: Հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել հաստատել մեթոդաբանություն, որը պետք է բխի որոշակի սկզբունքներից: Ամենակարևոր սկզբունքն այն է, որ երիտասարդական նախաձեռնող խմբերի աջակցությունը պետք է դիտարկել որպես շարունակական գործընթաց՝ սկսած գաղափարի ձևավորումից մինչև նախաձեռնության իրականացումը։ Միայն այս շղթայի ապահովումն է, որ կարող է ունենալ կայուն ինստիտուցիոնալ հետևանքներ և ազդեցություններ»։ Նախարարի խոսքով՝ նախևառաջ պետք է աշխատանք տանել երիտասարդների հետաքրքրությունների, ներուժի և համայնքային կարիքների բացահայտման ուղղությամբ, աջակցել գաղափարի ձևավորմանը, նախաձեռնող խմբերի ստեղծմանը, ապա արդեն՝ նախագծերի մշակմանն ու պլանավորմանը, անհրաժեշտ ռեսուրսների և գործընկերների ներգրավմանը, բուն նախաձեռնության իրականացմանը: Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ կարևոր է երիտասարդներին աջակցել նաև ինքնահայեցման ուղղությամբ, որպեսզի նրանք գնահատեն ստացված արդյունքները և ըստ անհրաժեշտության, իրենց հետագա քայլերը վերանայեն և նախաձեռնությունը շարունակական զարգացնեն։ «Աջակցություն ասելով՝ նկատի չունենք միայն ֆինանսական կամ կազմակերպչական աջակցությունը. ամենակարևոր անելիքներից մեկը երիտասարդներին համապատասխան գիտելիքների, հմտությունների, խորհրդատվության և մենթորության տրամադրումն է, որը նրանց ինքնաբավ կդարձնի: Բացի այդ՝ երիտասարդների աջակցությունը պետք է համագործակցության տրամաբանության մեջ լինի և իրականացվի տարբեր դերակատարների հետ համատեղ։ Այս գործընթացում, բացի լիազոր պետական մարմնից, պետք է ակտիվորեն ներգրավվեն համայնքները՝ երիտասարդների մասնակցության և նախաձեռնությունների իրականացման համար ստեղծելով անհրաժեշտ միջավայր, և այս առումով մեզ համար ամենակարևոր ինստիտուտներից են երիտասարդական կենտրոններն ու երիտասարդական աշխատողները»,- նշել է նախարարը՝ այս հարցում կարևորելով նաև համայնքում գործող կրթական և այլ կազմակերպությունների դերը:
«Ներկայում ակտիվորեն կառուցվում են նոր դպրոցներ և մանկապարտեզներ, որոնք ունեն շատ ընդարձակ տարածքներ: Դրանք միայն ուսումնական գործընթացի կազմակերպման համար չեն. այդ տարածքները պետք է ծառայեն նաև համայնքին: Հետևաբար, այս հաստատություններն էլ պետք է վերագնահատեն իրենց դերը տվյալ համայնքում և տեսնեն իրենց համախմբող ու համագործակցային ներուժը: Այս խնդիրը հատկապես կարևորում եմ 13-15 տարեկան երիտասարդական նախաձեռնող խմբերի աջակցության մասով, որոնց առանձնահատկությունները մեթոդաբանության մեջ ամրագրված են: Օրինակ, երբ նշում ենք, որ արդեն 18 տարեկանում լիարժեք քաղաքացիական մասնակցություն պետք է ենթադրվի, ապա դա մեկ օրում չի ձևավորվում: Որպեսզի 18 տարեկանում քաղաքացիները պատրաստ լինեն այդ հարցերի շուրջ խորհելու և որոշումներ կայացնելու, ապա այդ վստահությունը նրանց պետք է ընձեռվի ավելի կրտսեր տարիքից: «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքով երիտասարդության տարիքի նվազագույն շեմը սահմանված է 13-ը, և սա պատահական չէ: Դրանով մենք նաև պատասխանատվություն պիտի ստանձնենք քաղաքացիական կրթության և հանրային կյանքի մասնակցության անհրաժեշտ խողովակներն ապահովելու ուղղությամբ», -ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:
Նախարարը կարևորել է, որ մասնակցային բյուջետավորման գործընթացում 13-15 տարեկան երիտասարդների համար անհրաժեշտ է ստեղծել հնարավորություններ՝ հանդես գալու որպես նախաձեռնությունների հեղինակներ և առաջ տանելու իրենց գաղափարները. «Հույս ունենք, որ համապատասխան օրենսդրական կարգավորումներից հետո 13-15 տարեկան երիտասարդների՝ հանրային և քաղաքացիական մասնակցության առումով նոր ինստիտուցիոնալ խթաններ կնախատեսենք։ Միաժամանակ, կարևորում ենք, որ մենթորության տրամաբանությամբ մասնագիտական դիտարկումների փուլ լինի: Այն կօգնի այս տարիքային խմբին մասնագիտական քննարկումների միջոցով ներգրավել մասնագետների՝ իրենց գաղափարների զարգացման և դրանց իրագործելիության ուղղությամբ քայլեր իրականացնելու նպատակով, որը շատ կարևոր փորձառություն կլինի»։
Ժաննա Անդրեասյանը կարևորել է, որպեսզի այս ամենն ունենա մոնիթորինգի և գնահատման պատշաճ համակարգ և լինի շարունակական մշտադիտարկման ներքո, որը հնարավորություն կտա տեսնել այս քաղաքականությունների ազդեցությունը համայնքային կյանքում և վերլուծել կատարված աշխատանքը. «Սա կարևոր քայլ է երիտասարդական քաղաքականության նոր համակարգի զարգացման ճանապարհին, որովհետև այս մեթոդաբանության կիրառման արդյունքում կբարձրանա երիտասարդական նախաձեռնությունների որակն ու իրագործելիությունը, կամրապնդվեն երիտասարդների ինքնուրույնության և այլ ուղղություններով կարողությունները, կզարգանա նրանց քաղաքացիական համայնքային մասնակցությունը, համագործակցային միջավայրը կզարգանա պետական համայնքային և այլ դերակատարների միջև, և նախաձեռնությունների շարունակական զարգացման հնարավորություններ կստեղծվեն»:
Նախարարն ուրախությամբ արձանագրել է, որ երիտասարդների մասնակցությունը որոշումների կայացմանը ներկայում ավելի մեծ տեղ է զբաղեցնում նաև տարբեր գերատեսչությունների գործունեության մեջ։ «Տարբեր պետական և ՏԻՄ մարմիններում ձևավորվում են երիտասարդական խորհուրդներ և հարթակներ, որոնցում երիտասարդների ձայնը լսելի լինելու հնարավորություն է ձևավորվում: Այս ամենը, սակայն, բավարար չէ. մենք պետք է կարողանանք համալիր ու ամբողջական աշխատանք տանել, և այս նախաձեռնությունը կարող ենք դիտել իբրև այդ աշխատանքի քայլերից մեկը»,- իր ելույթն ամփոփել է Ժաննա Անդրեասյանը։
Նախարարի զեկույցից հետո հասարակական խորհրդի անդամները հարցեր են ուղղել նախարարին, որոնք, մասնավորապես վերաբերել են, հասարակական խորհրդի նիստերի տևողության և քննարկվող հարցերի շրջանակի ընդլայնման, հանրության ձայնն առավել լսելի դարձնելու և քաղաքացիների ահազանգերի արձագանքման, երիտասարդական կենտրոնների գործունեության, մասնակցային բյուջետավորման, երիտասարդական նախաձեռնությունների խրախուսման, միայն մեկ նախաձեռնող խմբում երիտասարդի մասնակցության սահմանափակման, 13-15 տարեկանների ձայնի ազդեցության, մշտադիտարկման և գնահատման գործընթացում օբյեկտիվության ապահովման, երիտասարդների խրախուսման ձևերի ընտրության, երեխաների ստեղծագործականության խթանման, ծնողական խորհուրդների դերի մեծացման, փափուկ հմտությունների կիրառման, երիտասարդների՝ համայնքային խնդիրների լուծմանն աջակցության, երիտասարդական խմբերի ինստիտուցիոնալացման, հանրային տարածքի բնորոշման, կամավորական աշխատանքի ապահովման, ըստ մարզերի թիրախային աշխատանքի իրականացման, աշխատանքի արդյունքների գնահատման և այլնի վերաբերյալ: Առաջարկ է հնչել հետագա նիստի ընթացքում կոնկրետ թեմայի քննարկման, ինչպես նաև յուրաքանչյուր նիստի ընթացքում օրակարգից դուրս որոշակի առաջարկությունների ներկայացման վերաբերյալ:
Ամփոփելով նիստը՝ նախարարը շնորհակալություն է հայտնել շահագրգիռ քննարկման և առարկայական դիտարկումների համար, որոնք, նրա խոսքով, հանդիպումն էլ ավելի օգտակար են դարձրել: