Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Մշակույթ

Հնարավորություններ տեսնել այնտեղ, որտեղ նախկինում սահմաններ էինք տեսնում․ Ժաննա Անդրեասյան

սեպտեմբեր 23, 2026

Սեպտեմբերի 23-ին տեղի է ունեցել «Ուղիներ ժամանակի և մշակույթների միջով կրթություն՝ հանուն կայուն ժառանգության» խորագրով Եվրոպայի խորհրդի մշակութային ուղիների 15-րդ խորհրդատվական համաժողովի պաշտոնական բացումը։ Ելույթներով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Եվրոպայի խորհրդի ժողովրդավարական ազատությունների և հաստատությունների բաժնի ղեկավար Ռոբերտո Օլլան, Մշակութային ուղիների ընդլայնված մասնակի համաձայնագրի ղեկավար խորհրդի նախագահ Սերխիո Օրտեգա Մունյոսը և ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության դեսպան Նիկոլա Նիկոլովը:

Համաժողովը կազմակերպել է ԿԳՄՍ նախարարությունը՝ Եվրոպայի խորհրդի մշակութային ուղիների ընդլայնված մասնակի համաձայնագրի շրջանակում։

Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ կարևորելով ֆորումի անցկացումը ուժերի համախմբմամբ. «Ֆորումը ստեղծում է ռազմավարական քննարկումների հարթակ՝ խոսելու մշակութային ժառանգության պահպանության և դրա միջոցով համաշխարհային մշակույթի ընդհանրություններն ու համադրությունները մեր պետություններին և հանրություններին տեսանելի դարձնելու կարևոր առաքելության մասին: Օրակարգում ընդգրկված հարցերը բխում են ՀՀ Կառավարության մշակույթի պահպանության և զարգացման և հանրահռչակման 2023-27 թթ. ռազմավարությունից:  Առանձնակի կարևորություն ունեն միջոլորտային կապերը, որոնք կարևոր են հատկապես կրթության և մշակույթի ոլորտներում։ Դրանք ապահովում են տարբեր ծրագրերի և քաղաքականությունների  սիներգիան՝  նպաստելով ավելի լավ արդյունքների ստեղծմանը»:

Միջոլորտային կապերի մասին խոսելիս նախարարը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությունը դպրոցահասակ երեխաների շրջանում՝ պարզ ուղեցույցների միջոցով նրանց ուղղորդելու հոգ տանել հարակից տարածքում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների մասին: «Մենք ուղղակի մեր մի ոլորտը կապեցինք մյուսին, մեր մշակութային ժառանգության մեծ փորձագիտական աշխատանքը համադրեցինք երեխաների ներուժն ավելի լավ օգտագործելու հետ: Այս լուծումները ցույց են տալիս, որ ավելի ստեղծագործ և նորարար լինելու դեպքում կարելի է հնարավորություններ տեսնել այնտեղ, որտեղ նախկինում սահմաններ էինք տեսնում։ Գուցե այդ  նոր հնարավորությունները կբացեն նոր ճանապարհներ,  որոնք նախկինում տեսանելի չէին: Սա է նաև մշակութային ուղիների ընկալումը, որովհետև դրանք կապում են երկրներն ու հասարակությունները»:

Նա ընդգծել է, որ Հայաստանը ակտիվորեն մասնակցում է վեց միջազգային մշակութային ուղիների, որոնք են՝ «Գինու ուղիներ», «Իմպրեսիոնիզմ», «Նախապատմական ժայռապատկերների արահետներ», «Եվրոպական գերեզմանատներ», «Եվրոպական հեքիաթի ուղի» և «Հրեական ժառանգություն»: Նախարարը շնորհակալություն է հայտնել բոլոր կողմերին համագործակցության համար՝ ի դեմս Երևանի քաղաքապետարանի և Եվրոպայի խորհրդի:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ողջունել է ամենամյա ֆորումի անցկացումը՝ ընդգծելով, որ Երևանի պատմական ժառանգությունը, թանգարաններն ու կրթական հաստատությունները ծրագրի շրջանակում համագործակցության լայն հնարավորություն են տալիս. «Այս ֆորումը լավ առիթ է՝ փորձ փոխանակելու, նոր գործընկերներ գտնելու և համատեղ ծրագրեր մշակելու: Ակնկալում ենք, որ այստեղ ձևավորված կապերն ու առաջարկները կվերածվեն գործնական նախաձեռնությունների»:

Բացմանը հաջորդել է «Կրթության դերը կայուն ժառանգության պահպանման գործում» խորագրով քննարկումը՝ Հայաստանի, Եվրոպայի խորհրդի, Վրաստանի, ՄԱԿ Զբոսաշրջության և միջազգային այլ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Սեպտեմբերի 24-ին կանցկացվեն թեմատիկ քննարկումներ՝ նվիրված մշակութային ուղիների միջոցով մշակութային և կրթական էկոհամակարգերի ամրապնդմանը, ժառանգության կրթության մեջ թվային գործիքների, նոր տեխնոլոգիաների ու արհեստական բանականության կիրառմանը։

Համաժողովի շրջանակում կանցկացվեն նաև զուգահեռ աշխատանքային քննարկումներ հետևյալ թեմաներով՝ կրթական քաղաքականությունների և ծրագրերի ժառանգությունը դպրոցական և ֆորմալ կրթության մեջ, գործնական և ոչ ֆորմալ կրթություն, մշակույթի հասանելիություն և ներառականություն, զբոսաշրջություն, փոխանակումներ և ճանապարհորդության միջոցով ուսուցում։

Սեպտեմբերի 25-ի նիստերի ընթացքում անդրադարձ կկատարվի «Մշակութային ուղիներ» ծրագրի զարգացմանը, երիտասարդների մասնակցությանը, մշակութային ուղիների աշխարհագրական և թեմատիկ ներկայացվածությանը, կայուն զբոսաշրջությանը և ժառանգության կրթության չափանիշներին։ Կներկայացվեն նաև Եվրոպայի խորհրդի հավաստագրմանը հավակնող յոթ նոր ուղիներ։

Համաժողովի հիմնական արդյունքներից կլինի մշակութային ուղիների համար առաջարկությունների շրջանակի մշակումը։

Մասնագիտական քննարկումներին զուգահեռ հյուրերը հնարավորություն կունենան ծանոթանալու Հայաստանի պատմամշակութային ժառանգությանը և ժամանակակից մշակութային կյանքին։ Ծրագրում ներառված են մշակութային այցելություններ Երևանում:

Համաժողովը կազմակերպվել է ՀՀ զբոսաշրջության կոմիտեի, Հայաստանի մշակույթի զարգացման հիմնադրամի, Մշակութային ուղիների եվրոպական ինստիտուտի գործընկերությամբ ու Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։