Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Կրթություն

Նպաստելով անգլերենի ուսուցիչ վերապատրաստողների մասնագիտական զարգացմանը

սեպտեմբեր 28, 2026

ԿԳՄՍ նախարարության, ԿԶՆԱԿ հիմնադրամի և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի համագործակցությամբ Հայաստանում մեկնարկում է անգլերենի ուսուցիչ վերապատրաստողների մասնագիտական զարգացմանն ուղղված LPACTE–ACTE ծրագիրը:

Նպատակն է աջակցել ուսուցիչներին և ուսուցիչ-վերապատրաստողներին՝ խթանելու մասնագիտական զարգացման դասընթացներ նախագծելու, իրականացնելու և գնահատելու  հմտությունները։

Ծրագրի մեկնարկին ընդառաջ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը հանդիպել է Հայաստանի տարբեր կրթական հաստատություններից ընտրված շուրջ 25 ուսուցիչների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Ադդէ Հովասափյանը:

Նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը շնորհակալություն է հայտնել Բրիտանական խորհրդին կարևոր նախաձեռնության և շարունակական համագործակցության համար. «ՀՀ Կառավարության համար ուսուցիչների վերապատրաստումը այն գործիքն է, որով փորձում ենք ապահովել կրթության որակի շարունակական բարելավումը: Եվ այս շատ կարևոր գործում գործընկերների աջակցությունը նպաստում է գործընթացի արդյունավետությանը»: Նա շնորհավորել է մրցակցային պայմաններում ընտրված ուսուցիչներին՝ ընդգծելով՝ վերապատրաստողների ծրագրում ընդգրկվելը և՛ պատասխանատվություն է, և՛ ոլորտային տարաբնույթ ծրագրերում ներգրավվելու հնարավորություն:

Աննա Բաբաջանյանը հույս է հայտնել, որ այս վերապատրաստումը կօգնի ուսուցիչներին լավագույնս դիրքավորվելու իրենց գործընկերներին օգնելու նպատակով:

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Ադդէ Հովասափյանը նշել է, որ Հայաստանում ընթացող բարեփոխումներին նպաստելու նպատակով ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ փորձ է արվել բարեփոխել ուսուցիչների և ուսուցիչ վերապատրաստողների մասնագիտական զարգացման համակարգերը։

«Ծրագիրը նախատեսված է այն ուսուցիչների համար, որոնք ցանկանում են դառնալ ուսուցիչ վերապատրաստողներ, կամ եթե գործող ուսուցիչ վերապատրաստողներ են, ցանկանում են բարելավել իրենց գիտելիքներն ու կարողությունները: Ծրագրի ավարտից հետո ստանալով համապատասխան հավաստագրերը՝ ուսուցիչները պաշտոնապես ստանալու են հնարավորություն համագործակցելու միջազգային և տեղական կառույցների հետ՝ որպես ուսուցիչ վերապատրաստողներ»,- ասել է Ադդէ Հովասափյանը:

Ծրագիրը կիրականացվի երկու փուլով՝ 2026 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 14-ը և 2027 հունվարի 11-ից մինչև մարտի 26-ը։

Learning Pathways into the Assured Certificate in Teacher Education (LPACTE) առցանց նախապատրաստական դասընթացը նախատեսված է ուսուցիչների և ուսուցիչ վերապատրաստողների համար։ Այն 10-շաբաթյա մենթորությամբ իրականացվող ծրագիր է, որն օգնում է մասնակիցներին նախապատրաստվել Assured Certificate in Teacher Education (ACTE) ծրագրին։

Ուսուցման մոտեցումը գործնական է և մասնակիցներին հնարավորություն է տալիս ուսումնառության ընթացքում ձեռք բերած գիտելիքներն անմիջապես կիրառել մասնագիտական աշխատանքում։ Ծրագիրը համադրում է ինքնուրույն ուսումնառությունը, համագործակցային աշխատանքը, քննարկումները, գործնական առաջադրանքներն ու շարունակական հետադարձ կապը։

Ծրագիրը Հայաստանում իրականացվել է նաև նախորդ տարի, և այն հաջողությամբ ավարտել է 20 ուսուցիչ վերապատրաստող։ Նախորդ տարվա հաջող փորձը և մասնակիցների դրական արձագանքները կարևոր հիմք են հանդիսացել ծրագրի շարունակականության համար։