Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Մշակույթ

«EU4Culture II». Գեղարքունիքի և Սյունիքի մի շարք բնակավայրերում կխթանվեն ստեղծարար էկոհամակարգերը

սեպտեմբեր 29, 2026

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն այսօր մասնակցել են «Ստեղծարար էկոհամակարգերը Հայաստանում. տեղական ներուժի բացահայտում՝ հանուն կայուն զարգացման» խորագրով ցանցային և քաղաքականության երկխոսության միջոցառմանը, որն իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող EU4Culture ծրագրի շրջանակում։ Այս փուլում ծրագրում ընդգրկվել են Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ, Մարտունի և Սյունիքի  մարզի Կապան, Մեղրի, Քաջարան բնակավայրերը:

Միջոցառմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը։

Ողջունելով ներկաներին՝ Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է մարդկանց և հարաբերությունների վերափոխման գործում մշակույթի դերակատարությանը՝ ընդգծելով, որ մշակույթն ինքնաճանաչման, հաղորդակցության և փոխադարձ ճանաչողության կարևորագույն միջոցներից է։ Նա խորհրդանշական է համարել միջոցառման՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում անցկացումն ու մեծանուն հայ կոմպոզիտորի ժառանգության հիշատակումը՝ նկատելով, որ ընդամենը երկու օր առաջ նշվել է Կոմիտասի ծննդյան օրը։

«Կոմիտասի ողջ ժառանգությունը նաև այն մասին է, որ մենք մեզ ավելի լավ ճանաչելու կարիք ունենք, և մշակույթը մեծապես օգնում է այդ հարցում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։

ԿԳՄՍ նախարարը նշել է՝ Կառավարության նոր ծրագրով սահմանված է սոցիալական շփումների հարթակների և հանրային միջավայրերի ձևավորման կարևորությունը՝ ընդգծելով, որ մշակույթն ու ստեղծարարությունը զարգանում են այնտեղ, որտեղ մարդիկ հնարավորություն ունեն հաղորդակցվելու, գաղափարներ ու արժեքներ փոխանակելու:

«Նման միջավայրերի ձևավորումը հատկապես կարևոր է համայնքներում, քանի որ մարդկանց միջև շփումը նպաստում է ընդհանուր խնդիրների և շահերի գիտակցմանը, իսկ դրանց շուրջ ստեղծարար աշխատանքը դառնում է համայնքային կյանքի մաս։ Կայուն ստեղծարար էկոհամակարգերը պետք է ձևավորեն այնպիսի պայմաններ, որոնք մարդկանց հնարավորություն կտան հավատալու սեփական ներուժին և դրանով լուծումներ գտնելու առկա խնդիրներին։ Այս առումով հատկապես կարևոր են երիտասարդների ստեղծարար ներուժի զարգացմանը միտված նախաձեռնությունները․ պետք է կարողանանք տեսնել, թե ինչպես են ռազմավարական նպատակները համադրվում յուրաքանչյուր կոնկրետ ծրագրի հետ։ Այս համադրություններն ու փոխգործելիությունը, թերևս, ամենամեծ հավելյալ արժեքը կարող են ստեղծել»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ շեշտելով, որ մշակույթի կարևոր առաքելություններից է նաև մարդկանց դուրս բերել ընդունված շրջանակներից՝ ստեղծարարությունը ծառայեցնելով նոր լուծումների որոնմանը։

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միության գործընկերներին՝ կարևորելով Հայաստան-ԵՄ համագործակցության շարունակական զարգացումը, իրականացվող համատեղ ծրագրերը,  ջանքերի և գաղափարների միավորվումը, որոնք կարող են վերածվել տեսանելի և կարևոր արդյունքի։

Նա նաև շնորհակալություն է հայտնել նաև Գյոթեի ինստիտուտին՝ ծրագրի իրականացման հանձնառությունը ստանձնելու համար։

ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը ևս կարևորել է մշակույթի և ստեղծարար ոլորտների շուրջ համագործակցության շարունակական զարգացումը՝ ընդգծելով, որ ստեղծարար էկոհամակարգերի հիմքում համագործակցությունն ու գործընկերությունն են։ «Մշակույթը կարևոր նշանակություն ունի մարդկանց ինքնության և ինքնաճանաչման համար, միաժամանակ այն անմիջական ազդեցություն ունի հասարակական և տնտեսական կյանքի վրա։ Կապերի ամրապնդման, ինչպես նաև Հայաստանի և Եվրոպական միության միջև փոխադարձ ճանաչողության ու գործընկերության խորացման գործում մշակույթն առանցքային դեր ունի»,- ասել է Վասիլիս Մարագոսը։

«EU4Culture II» ծրագրի ղեկավար, Վրաստանում Գյոթեի ինստիտուտի ներկայացուցիչ Անատոլի Բեյֆերտն անդրադարձել է ծրագրի առաջին փուլի արդյունքներին և արձանագրված ձեռքբերումներին՝ ընդգծելով, որ դրանցում նշանակալի է նաև ծրագրում ընդգրկված համայնքների ներդրումը։