Ֆինանսական կրթությունը ինտեգրված է չորս առարկաներում
սեպտեմբեր 29, 2026
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը ՀՀ կենտրոնական բանկում մասնակցել է ֆինանսական կրթության տեխնիկական աջակցության տարեկան հանդիպմանը, որն անցկացվում է «Ֆինանսական դիմակայունության ամրապնդում» խորագրով։ Հանդիպումն անցկացվում է սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը՝ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ, OECD) և Նիդերլանդների ֆինանսների նախարարության հետ համագործակցությամբ։
ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է ֆինանսական կրթությանը՝ նշելով, որ այն չի կարող հաջողության հասնել, եթե հաստատությունները գործեն մեկուսացված։ Այս համատեքստում նա առանձնակի կարևորել է բանկային համակարգի և կրթական գերատեսչությունների, մասնավորապես՝ դպրոցների և ֆինանսական կառույցների համատեղ աշխատանքը՝ նշելով, որ Հայաստանում նման համագործակցության լավ օրինակ է ձևավորվել։
«ԿԳՄՍ նախարարության և Կենտրոնական բանկի համագործակցության արդյունքում ֆինանսական կրթությունը մեր դպրոցներում ինտեգրվել է 4 գործող առարկաների մեջ՝ «Ես և շրջակա աշխարհը», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» և «Հասարակագիտություն։ Այս մոտեցումը կարևոր է, քանի որ ֆինանսական գրագիտությունը չի վերաբերում միայն թվերին. այն առնչվում է պլանավորմանը, ընտրություն կատարելուն, կարիքներն ու ցանկությունները հասկանալուն, ռիսկերի գնահատմանը, սեփական իրավունքների ու պարտականությունների իմացությանը և առօրյա կյանքում տեղեկացված որոշումների կայացմանը։ Տարբեր առարկաների շրջանակում ֆինանսական կրթության ինտեգրման շնորհիվ աշակերտները ուսումնառության ընթացքում պարբերաբար և տարբեր համատեքստերում առնչվում են այս գաղափարներին»,- նշել է նախարարի տեղակալը։
Ըստ նրա՝ ֆինանսական կրթությունը չպետք է սահմանափակվի միայն դպրոցական ուսուցմամբ․ այս նպատակով նախարարությունն ուսումնասիրում է ֆինանսական կրթությունը երիտասարդական կենտրոններ, համայնքներ և կրթական գործունեություն ծավալելու այլ վայրեր տեղափոխելու նոր ուղիներ։ Նպատակն է՝ երիտասարդներին հասանելի դարձնել ֆինանսական կրթությունը ոչ միայն պաշտոնական ուսումնական ծրագրի, այլև բազմաթիվ այլ միջավայրերի միջոցով, որտեղ նրանք սովորում են, շփվում և զարգացնում կյանքի գործնական հմտություններ։
Անդրադառնալով ուսումնական գործընթացին՝ նա ընդգծել է, որ կրթական ծրագրերի ինտեգրումն ինքնին շարունակական աջակցություն է պահանջում։ Կրթական չափորոշիչները, դասագրքերը, ուսուցիչների վերապատրաստումն ու դասարանային ուսումնական նյութերը պետք է զարգանան համընթաց. «Ֆինանսական կրթության կայունության ապահովումը ճկունություն է պահանջում։ Ֆինանսական միջավայրն արագորեն փոխվում է։ Երիտասարդները մեծանում են թվային վճարումների, առցանց գնումների, ակնթարթային ֆինանսական ծառայությունների, սոցիալական ցանցերի, ինչպես նաև ֆինանսական խարդախության և ապատեղեկատվության նոր ձևերի պայմաններում։ Ուստի, մեր խնդիրը ոչ միայն դասագրքերում ֆինանսական հասկացությունների ներառումն է, այլև ֆինանսական գրագիտությունն իրական կյանքի հետ մշտապես կապելը՝ այն դարձնելով հասանելի շատ մարդկանց համար»,- ասել է Աննա Բաբաջանյանը՝ մեկ անգամ ևս ընդգծելով ոլորտում համապատասխան կառույցների ամուր և շարունակական համագործակցության կարևորությունը:
Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ հանդիպման ընթացքում ծավալված քննարկումները կօգնեն ավելի ամրապնդել համագործակցությունը, սովորել միմյանցից և գտնել նոր ուղիներ՝ երիտասարդներին նախապատրաստելու այն ֆինանսական որոշումներին, որոնց նրանք բախվելու են իրենց կյանքի ընթացքում։
Պաշտոնական ելույթով հանդես են եկել նաև ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, ՏՀԶԿ-ի Ֆինանսական սպառողների պաշտպանության, կրթության և ներառման ստորաբաժանման ղեկավար Մայլս Լարբին, Նիդերլանդների ֆինանսների նախարարության համակարգող Անժելիկ վան Հաաստերենը։
Մարտին Գալստյանը նշել է, որ ֆինանսական կրթության ժամանակակից մոտեցումը պետք է դուրս գա միայն գիտելիքի փոխանցման շրջանակից և կենտրոնանա մարդկանց իրական ֆինանսական վարքագծի և բարեկեցության վրա։ Նա ընդգծել է, որ Հայաստանում մշակվող ֆինանսական կրթության ծրագրի երրորդ փուլում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում փորձարկմանը, վարքաբանական մոտեցումներին և արդյունքների գնահատմանը։
Մայլս Լարբին նշել է, որ հանդիպումը, համախմբելով Հայաստանի և տարածաշրջանի ևս տասը երկրների ներկայացուցիչների, արտացոլում է տարածաշրջանային համագործակցությունն ամրապնդելու և ֆինանսական կրթության քաղաքականությունները զարգացնելու ընդհանուր հանձնառությունը։ Անժելիկ վան Հաաստերենի խոսքով՝ ֆինանսական դիմակայունություն եզրույթը նշանակում է՝ կարողանալ արդյունավետ կառավարել առօրյա ֆինանսները, դիմակայել տնտեսական ցնցումներին, շարունակել շարժվել դեպի երկարաժամկետ նպատակներ և պահպանել վստահությունն ու սեփական ֆինանսների նկատմամբ վերահսկողությունը։
Եռօրյա ծրագրի շրջանակում հոկտեմբերի 1-ին կանցկացվի նաև «Ֆինանսական գրագիտության բարձրացման արդյունավետ սոցիալական մեդիայի ռազմավարություններ» թեմայով ուսուցման աշխատաժողով։