Հայ աշակերտները հատուկ մրցանակի են արժանացել ԵՄ երիտասարդ գիտնականների մրցույթում
սեպտեմբեր 26, 2026
Գերմանիայի Քիլ քաղաքում կայացել է Եվրոպական միության երիտասարդ գիտնականների 37-րդ մրցույթը, որին ներկայացված էր Հայկական համադպրոցական գիտության փառատոնի երկու մրցանակակիր նախագիծ։
Մրցույթի շրջանակում «Այբ կրթական հանգույց» հիմնադրամի սովորողներ Հայկ Ղազարյանը, Տիգրան Ավանյանը և Հովհաննես Մանուկյանն արժանացել են «Շրջանաձև կենսահումքային Եվրոպա» համատեղ ձեռնարկության հատուկ մրցանակի (CBE JU Prize)՝ կենսատնտեսության ոլորտում։
Հայ աշակերտների ներկայացրած «Էյրիֆայ» (Airify) նախագիծը նվիրված է եգիպտացորենի կեղևի կենսազանգվածի հիմքով կենսաքայքայվող և ինքնամաքրվող օդային ֆիլտրի մշակմանը՝ TiO₂-ի և «կանաչ» սինթեզով ստացված արծաթի նանոմասնիկների կիրառմամբ։
Մրցույթին ներկայացված հայաստանյան մյուս նախագիծը կոչվում է «Խելացի բիոպլաստիկ»։ Նախագծի հեղինակներն են Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի սովորողներ Գարիկ Փանիկյանը և Նարեկ Պապոյանը։
Եվրոպական միության երիտասարդ գիտնականների մրցույթը (EUCYS) կազմակերպվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից 1989 թվականից ի վեր՝ համարվելով Եվրոպայում աշակերտական գիտական նախագծերի ամենահեղինակավոր մրցույթը։
Այս տարի մրցույթը համակազմակերպվում է Քիլի համալսարանի հետ՝ միավորելով 14-ից 20 տարեկան շուրջ 150 տաղանդավոր երիտասարդ գիտնականների մոտ 40 երկրից՝ հնարավորություն տալով ներկայացնել իրենց գիտական նախագծերը մասնագիտական ժյուրիին, լայն հանրությանը և իրենց հասակակիցներին:
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 9-ից 15-ը ԱՄՆ Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքում տեղի ունեցած Regeneron ISEF 2026 միջազգային գիտական և ճարտարագիտական տոնավաճառի եզրափակիչ փուլում «Ֆիզիկա և աստղագիտություն» անվանակարգում 3-րդ կարգի մրցանակի է արժանացել Հայկական համադպրոցական գիտության փառատոնի ևս մեկ մասնակից՝ ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Ալբերտ Շահինյանը:
Հայկական համադպրոցական գիտության փառատոնը մեկնարկել է ԿԳՄՍՆ նախաձեռնությամբ 2021 թվականին։ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում այս տարվա մարտին կայացած 6-րդ փառատոնին մասնակցել են շուրջ 140 սովորողներ Երևանի և ՀՀ բոլոր մարզերի 40 հանրակրթական ուսումնական հաստատություններից՝ ներկայացնելով 78 անհատական կամ խմբային գիտահետազոտական նախագծեր։
Միաժամանակ հայտնում ենք, որ ընթանում է «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2027» մրցույթի հայտերի ընդունումը։ Հայտերը ներկայացվում են առցանց՝ assf-2027.hesc.am հարթակի միջոցով, որտեղ կարող եք նաև ծանոթանալ մրցույթի պայմաններին և պահանջներին։ Գրանցման վերջնաժամկետն է 2026 թվականի դեկտեմբերի 30-ը։