Քոլեջների տնօրեններին ներկայացվել է ընդունելության նոր կարգը
հուլիսի 07, 2026
Հուլիսի 10-ից մեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելությունը։ Այս տարի առաջին անգամ ընդունելության գործընթացն ամբողջությամբ կիրականացվի my.emis.am հարթակում՝ թվայնացման նոր հնարավորությունների կիրառմամբ։
Ընդունելության նոր կարգը ներկայացնելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է քոլեջների տնօրենների հետ։ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում (ԿՏԱԿ) կայացած հանդիպմանը մասնակցել են ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը, ԿԳՄՍՆ մասնագիտական կրթության և ուսուցման վարչության պետ Գայանե Արզումանյանը, ոլորտի այլ ներկայացուցիչներ։
Արաքսիա Սվաջյանը նշել է, որ այս տարի ընդունելության գործընթացը բաղկացած է լինելու երկու փուլից։ Հայտագրման գործընթացը սկսելու համար ծնողը պետք է ունենա հաշիվ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում՝ գրանցվելով my.emis.am հարթակում։ Էլեկտրոնային ստորագրության առկայության պարագայում ծնողը կարող է նույնականացվել «Ես եմ» ազգային հարթակով։ Եթե նա չունի էլեկտրոնային ստորագրություն, ապա պետք է ստեղծի հաշիվ։ Նախարարի տեղակալը կարևորել է կրթության տարբեր մակարդակների տեղեկատվական բազաների փոխկապակցված աշխատանքը՝ ընդգծելով, որ այս տարի թե՛ առաջին դասարանի, թե՛ ավագ դպրոցի, թե՛ մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելությունն իրականացվելու է նույն համակարգի միջոցով։
«Գրանցումը երբեմն կարող է թվալ բարդ, սակայն տեխնիկապես այն բավականին պարզ է։ Նրանք, ովքեր արդեն փորձել են, առավելագույնը հինգ րոպեի ընթացքում կարողացել են ավարտել ամբողջ գործընթացը։ Ծնողները նախապես պետք է գրանցվեն my.emis.am հարթակում, որպեսզի ընդունելության մեկնարկից հետո կարողանան անմիջապես ներկայացնել իրենց երեխաների հայտերը։ Իհարկե, անհրաժեշտ ուղեցույցներն արդեն մշակված են և կհրապարակվեն»,- նշել է Արաքսիա Սվաջյանը՝ հավելելով, որ դիմորդները կարող են միաժամանակ հայտ ներկայացնել ինչպես քոլեջի, այնպես էլ ավագ դպրոցի ընդունելության համար։
Նա անդրադարձել է նաև փաստաթղթաշրջանառության պարզեցմանը․ եթե նախկինում ծնողները ստիպված էին տարբեր հաստատություններից տեղեկանքներ և այլ փաստաթղթեր հավաքել ու ներբեռնել համակարգ, ապա այժմ տարբեր պետական գերատեսչությունների տեղեկատվական համակարգերի թվայնացման և փոխգործելիության շնորհիվ այդ գործընթացը մեծապես կիրականացվի ինքնաշխատ եղանակով։
«Եթե երեխան ունի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, համակարգն ինքնաշխատ կստուգի այդ տեղեկատվությունը համապատասխան պետական շտեմարաններում։ Եթե ընտանիքը սոցիալապես անապահով է, այդ տվյալները նույնպես ավտոմատ կստուգվեն։ Ծնողի և երեխայի կապը ևս անմիջապես կստուգվի բնակչության պետական ռեգիստրում, և համապատասխան տեղեկատվությունը կարտացոլվի համակարգում»,- նշել է Արաքսիա Սվաջյանը՝ տեղեկացնելով նաև, որ 2020 թվականից ի վեր ստացված ավարտական փաստաթղթերը համակարգում կարտացոլվեն ինքնաշխատ եղանակով։
Նախարարի տեղակալը տեղեկացրել է նաև, որ մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը քոլեջների տնօրենների հետ կկազմակերպվեն առանձին աշխատանքային հանդիպումներ՝ մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում նախատեսվող իրավական և բովանդակային փոփոխությունները քննարկելու նպատակով։
ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը ներկայացրել է քոլեջների ընդունելության հայտերի ներկայացման համակարգը՝ տեխնիկական մանրամասներով։ Նրա խոսքով՝ ծնողը պետք է ունենա հաշիվ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում՝ գրանցվելով my.emis.am հարթակում։ Էլեկտրոնային ստորագրություն ունեցող ծնողները կարող են նույնականացվել «Ես եմ» ազգային հարթակի միջոցով, իսկ էլեկտրոնային ստորագրություն չունեցողները պետք է ստեղծեն հաշիվ։ Միասնական թվային հարթակում հասանելի կլինի առաջարկվող կրթական ծառայությունների, ուսումնական հաստատությունների, միջին մասնագիտական և արհեստագործական կրթական ծրագրերի, որակավորումների, ուսուցման ժամկետների, ուսուցման կազմակերպման ձևերի, աշխատանքի վրա հիմնված ուսումնառության, ընդունելության պայմանների, առկա տեղերի, ուսման վարձերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը։
Արտակ Պողոսյանը նշել է նաև, որ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում հաշիվ պետք է ունենան նաև ուսումնական հաստատությունների տնօրենները, քանի որ նոր ուսումնական տարվանից աշխատանքն ամբողջովին իրականացվելու է այս համակարգի գործիքակազմի միջոցով:
Ընդունելության մրցույթին մասնակցելու համար դիմորդի դիմում հայտը և փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ընդունվում են համակարգ հուլիսի 10-ից սկսած.
- ոչ ոլորտային մասնագիտություններով` մինչև օգոստոսի 10-ը՝ ժամը 18:00-ն,
- ոլորտային մասնագիտություններով` մինչև հուլիսի 24-ը՝ ժամը 18:00-ն:
Քննություններն անցկացվում են հուլիսի 25-ից օգոստոսի 8-ն ընկած ժամանակահատվածում՝ ոլորտային մասնագիտությունների համար։ Ոչ ոլորտային մասնագիտությունների մրցույթն անցկացվում է՝ ըստ ավարտական փաստաթղթի միավորների։
Քոլեջ դիմելու ուղեցույցը՝ ըստ քայլերի հաջորդականության, կհրապարակվի առաջիկայում։