Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Կրթություն

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանն այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

հոկտեմբեր 01, 2026

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանն աշխատանքային այց է կատարել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, ծանոթացել կենտրոնի ընթացիկ գործունեությանը, իրականացվող կրթական ծրագրերին, ինչպես նաև նորարարական տեխնոլոգիական հնարավորություններին ու ենթակառուցվածքներին։ Այցի ընթացքում նախարարի տեղակալը հանդիպել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանին։

Շրջայցի ընթացքում ներկայացվել են կենտրոնի ենթակառուցվածքները, կրթական յուրահատուկ մեթոդաբանությունը, որը համադրում է ինքնուսուցումն ու ոչ ֆորմալ կրթության գործնական դասընթացները, ինչպես նաև այն հիմնական ուղղությունները, որոնց շրջանակում պատանիները ձեռք են բերում արդիական թվային ու ստեղծագործական հմտություններ։

Մարի Լու Փափազյանը ներկայացրել է նաև «Թումոյի» զարգացման ռազմավարությունը, այդ թվում՝ ՀՀ մարզերում և սահմանամերձ համայնքներում կենտրոնի կրթական ցանցի (Թումո կենտրոններ և տուփեր) ընդլայնման ընթացքը, պատանիների ու երիտասարդների ներգրավվածությունը ոչ ֆորմալ կրթությանը: Անդրադարձ է կատարվել նաև միջազգային համագործակցության ծրագրերին և աշխարհում «Թումո» ցանցի տարածմանը:

Կողմերը կարևորել են պետություն-մասնավոր հատված արդյունավետ փոխգործակցությունը՝ միտված կրթական ոլորտում նորարարական գաղափարների խթանմանը և երիտասարդներին ժամանակակից պահանջներին նախապատրաստելուն։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը բարձր է գնահատել «Թումոյի» դերը՝ Հայաստանում արտադպրոցական կրթության որակի բարձրացման, նոր տեխնոլոգիաների ներդրման, պատանիների և երիտասարդների ստեղծագործական ներուժի բացահայտման գործում։

Քննարկվել են նաև հետագա համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորություններն ու հեռանկարները։