«Տանիքը՝ Հայաստան» ազգային փոքրամասնությունների փառատոն
հոկտեմբեր 01, 2026
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 4-ից նոյեմբերի 4-ը կանցկացվի «Տանիքը՝ Հայաստան» փառատոնը՝ որպես մեկամսյա կինոծրագիր: Այն նվիրված է Հայաստանի Հանրապետությունում բնակվող 11 ազգային փոքրամասնությունների մշակութային բազմազանությանը, ինքնությանը և Հայաստանի միասնական մշակութային միջավայրում նրանց ներկայությանը։
Կինոծրագիրը ներառում է 12 կինոցուցադրություն՝ մեկ բացման ֆիլմ և ազգային փոքրամասնությունների համայնքներին նվիրված 11 ֆիլմ։
Ծրագրի նպատակն ազգային փոքրամասնությունների մշակույթները ներկայացնելն է ոչ միայն պատմական կամ սոցիալական խնդիրների համատեքստում, այլև կինոյի, լեզվի, երաժշտության, ընտանեկան հարաբերությունների, առօրյայի, ավանդույթների և համայնքային կյանքի միջոցով՝ ստեղծելով դրական, մարդակենտրոն և ժամանակակից մշակութային հաղորդակցություն։
Ծրագրի հանդիսավոր բացումը կկայանա հոկտեմբերի 4-ին Կինոյի տան Մեծ դահլիճում՝ Յան Արտյուս-Բերտրանի «Home» (2009) ֆիլմի ցուցադրմամբ։ Ցուցադրություններ են նախատեսված նաև Հենրիկ Մալյանի անվան թատրոնում։
Կինոծրագիրը միաժամանակ ունենալու է մարզային բաղադրիչ՝ այդպիսով նպաստելով մշակութային ապակենտրոնացման քաղաքականությանը:
Բոլոր ֆիլմերն ունենալու են հայերեն թարգմանություն և ենթագրեր։
Ծրագիրը կցվում է: