Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Մշակույթ

Երևանի նորաձևության շաբաթ 2026

հոկտեմբեր 01, 2026

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ Հայաստանի նորաձևության պալատը հոկտեմբերի 8-11-ը կանցկացնի «Երևանի նորաձևության շաբաթ 2026»-ը՝ Երևանում համախմբելով հայ և միջազգային դիզայներների, ոլորտի առաջատար մասնագետների, ազդեցիկ հյուրերի, համաշխարհային մեդիա ներկայացուցիչների և նորաձևության սիրահարների մեկ տանիքի ներքո:

Միջոցառմանն ընդառաջ տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍՆ ժամանակակից արվեստի և գրահրատարակչության վարչության պետ Սվետլանա Սահակյանը,  Հայաստանի «Նորաձևության պալատի» համահիմնադիր, ծրագրերի ղեկավար Էլեն Մանուկյանը, Հայաստանի «Նորաձևության պալատի» նախագահ Վահան Խաչատրյանը, THE WORKSHOP բրենդի դիզայներ, հիմնադիր Քրիստինա Ուզունյանը,  AREVIN բրենդի ներկայացուցիչ Քրիստինա Հարությունյանը, «Դալմա» ամսագրի գլխավոր խմբագիր, «Դալմա Գարդեն Մոլի» փոխտնօրեն Մարիամ Չաքարյանը:

Բանախոսները ներկայացրել են YFW 2026-ի հիմնական միջոցառումները: Մասնավորապես՝ ներկայացվել է Fashion Scout Armenia երիտասարդ դիզայներների մրցույթի չորրորդ թողարկումը, որի հաղթողները հնարավորություն կստանան ներկայանալու Լոնդոնի նորաձևության շաբաթում, կստանան կրթաթոշակ Polimoda ինստիտուտից, ինչպես նաև Երևանի քաղաքապետի մրցանակ: Կանցկացվի հայ և միջազգային դիզայներների հավաքածուների ցուցադրություններ.YFW Showroom ցուցասրահում հոկտեմբերի 9-11-ը հայկական բրենդները հանրությանը կներկայացնեն իրենց հավաքածուները, ինչը նոր համագործակցություններ ստեղծելու, բրենդերի տեսանելիությունը բարձրացնելու, միջազգային հյուրերի և փորձագետների հետ շփվելու լավ հնարավորություն է:

Տեղի կունենան 10 Fashion Talks քննարկումներ հայ և միջազգային փորձագետների հետ՝ շուկա մուտք գործելու, ձեռներեցության, կայունության, տեխնոլոգիաների և նորաձևության ապագայի թեմաների շուրջ: Տեղի կունենան ցուցահանդեսներ և այլ նախագծեր՝ նորաձևությունը կապելով արվեստի, արհեստագործության, ժառանգության, տեխնոլոգիաների և տեսողական մշակույթի հետ: Ոլորտի մասնագետներն աշխատարանների միջոցով դիզայներների համար հնարավորություն կստեղծեն կապվելու միջազգային լրատվամիջոցների, բայերների, նորաձևության կազմակերպությունների, մասնագետների հետ:

«Հայաստանի նորաձևության պալատը» միջազգային և տեղական գործընկերների հետ կներկայացնի ավելի քան 20 ցուցադրություն, Showroom, Fashion Talks քննարկումներ, ցուցահանդեսներ, հատուկ ինստալյացիաներ և մասնագիտական կապերի հաստատման (նեթվորքինգի) հնարավորություններ՝ Երևանը դիրքավորելով որպես նորաձևության և ստեղծարարության կենտրոն՝ Եվրոպայի և տարածաշրջանի խաչմերուկում։

Միջազգային հյուրերի ծրագիրը կհամախմբի նորաձևության ոլորտի մեդիա ներկայացուցիչների և մասնագետների, այդ թվում՝ Vogue, Harper’s BAZAAR, ELLE, FashionUnited, Metal Magazine և Fucking Young! պարբերականներից, ինչպես նաև անկախ նորաձևության լրագրողների, ոճաբանների, բայերների, PR մասնագետների և ստեղծարար խորհրդատուների:

Էրեբունուց մինչև ժամանակակից Երևան. այս տարի Երևանի նորաձևության շաբաթն անցկացվում է «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների օրերին, իսկ ծրագիրը կառուցված է «Վարդագույն քաղաք Երևան» գաղափարի շուրջ: Պաշտոնական բացմանը կներկայացվի «Հին աստվածներ. Էրեբունիից մինչև ժամանակակից Երևան» հատուկ նորաձևության և մշակութային ցուցահանդես Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանում և ամրոցում: Շուրջ 30 մանեկեն կներկայացնեն Fashion Scout Armenia հայ երիտասարդ դիզայներներից ընտրված աշխատանքները: Ոգեշնչված հայկական հնագույն դիցաբանությունից, խորհրդանիշերից, պատմական կերպարներից՝ ցուցահանդեսը հնագիտական միջավայրը կներկայացնի նորաձևության և երաժշտության միջոցով: Բացումն արտացոլում է հայկական մշակութային ժառանգության կապը ժամանակակից նորաձևության և ստեղծարարության հետ:

Երևանի «Նորաձևության շաբաթը» նպաստում է Հայաստանի ստեղծարար արդյունաբերության և տուրիզմի զարգացմանը՝ միջազգային հյուրերին ծանոթացնելով երկրի նորաձևությանը, ճարտարապետությանը, ժառանգությանը, ժամանակակից արվեստին, հայկական խոհարարության ավանդույթներին և ստեղծագործ համայնքին: Երևանի «Նորաձևության շաբաթ 2026»-ը հարթակ է, որտեղ հայկական ժառանգությունը հանդիպում է ժամանակակից դիզայնին և որտեղ Երևանը շարունակում է ամրապնդել իր տեղը համաշխարհային ստեղծարար քարտեզի վրա: