Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի նորանշանակ ներկայացուցիչ Ղասսան Խալիլին
հոկտեմբեր 02, 2026
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) նորանշանակ ներկայացուցիչ Ղասսան Խալիլին։
Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը, նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի այլ ներկայացուցիչներ:
Նախարարը շնորհավորել է Ղասսան Խալիլին Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել առաքելության իրականացման գործում։
Ժաննա Անդրեասյանը կարևորել է ԿԳՄՍ նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջև ձևավորված երկարամյա և արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի մանդատը բազմաթիվ ուղղություններով առնչվում է նախարարության գործունեությանը, և համատեղ աշխատանքի արդյունքում ձևավորվել է հաջողված ծրագրերի ու նախաձեռնությունների հարուստ փորձ։
«Մեր ուշադրության կենտրոնում հանրությունն է՝ հատկապես երեխաներն ու երիտասարդները, և մենք պատրաստակամ ենք այս ուղղությամբ աշխատանքը միասին շարունակելու՝ խորացնելով և զարգացնելով համագործագոծակցությունը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։
Նախարարը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությունը կրթության, համընդհանուր ներառականության, վաղ մանկության զարգացման և բարեկեցության ուղղություններով։
Իր հերթին Ղասսան Խալիլը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և բարձր գնահատել կրթության ոլորտում իրականացվող համագործակցությունը։ Այս համատեքստում նա առանձնահատուկ կարևորել է «Կրթություն հանուն խաղաղության» Հայաստանի նախաձեռնությունը, որը 2026 թվականի հունիսի 4-ին միաձայն ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից՝ ստանալով միջազգային լայն աջակցություն։ Ղասսան Խալիլը կարևորել է բանաձևում ամրագրված մոտեցումները՝ ուղղված կրթության միջոցով խաղաղության մշակույթի ձևավորմանը, փոխադարձ վստահության և հասարակական համերաշխության ամրապնդմանը՝ ընդգծելով կրթության առանցքային դերը խաղաղ, արդար և ներառական հասարակությունների կառուցման գործում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են 2026-2030 թվականների համագործակցության նոր ծրագրի շրջանակում կրթության ոլորտում գործընկերության հետագա խորացման հնարավորությունները։ ԿԳՄՍ նախարարը, անդրադառնալով համատեղ իրականացվող մի շարք նախաձեռնությունների, առանձնացրել է նաև ուսուցչական համաժողովների կազմակերպումը, որոնցից հերթականը նախատեսված է հոկտեմբերի 3-ին Երևանի պետական համալսարանում: Նախարարի խոսքով՝ կրթական բարեփոխումների հաջողությունն անմիջականորեն պայմանավորված է ուսուցիչների ակտիվ ներգրավվածությամբ, մասնագիտական զարգացման հնարավորությունների ընդլայնմամբ և լավագույն փորձի փոխանակմամբ։ Նա շնորհակալություն է հայտնել ՅՈՒՆԻՍԵՖ-ին համաժողովի կազմակերպմանն աջակցելու և ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված շարունակական համագործակցության համար։
Կողմերը կարևորել են նաև երիտասարդական քաղաքականության ոլորտում արդյունավետ համագործակցությունը՝ անդրադառնալով ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի մշակմանը։ Ընդգծվել է, որ օրենքը կարևոր հիմք է երիտասարդների մասնակցության ընդլայնման, նրանց ներուժի իրացման և երիտասարդական քաղաքականության համակարգված իրականացման համար։ Կարևորվել է համագործակցության շարունակականությունը նաև օրենքի կիրարկման և համայնքներում երիտասարդների մասնակցության խթանման ուղղությամբ։