«Մշակութային վերջին զանգ» մրցույթի ամփոփիչ միջոցառում
հուլիսի 07, 2026
Կինոյի տանը տեղի է ունեցել «Մշակութային վերջին զանգ» մրցույթի ամփոփիչ միջոցառումը, որին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը, ինչպես նաև մրցույթին մասնակցած դպրոցների աշակերտները և մանկավարժները։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է հաղթող դպրոցների աշակերտներին ու ուսուցիչներին՝ շնորհակալություն հայտնելով վերջին զանգը մշակութային ձևաչափով անցկացնելու պատրաստակամության համար. «Մեր նպատակը դպրոցական միջոցառումների մշակույթը փոխելն է, որպեսզի մեր բեմերը դառնան երեխաների ստեղծագործականության արտահայտման վայր: Վստահ եմ՝ ձեր շրջապատի համար էլ է հետաքրքրական, թե ինչպես եք ստեղծագործում, ինչպես եք ձեր գաղափարները կյանքի կոչում: Եվ սա թե՛ ձեզ, թե՛ մեզ համար հրաշալի փորձառություն էր՝ տեսնելու ձեր ստեղծագործական միտքը: Ի վերջո, դպրոցի առաքելությունն է նաև առավելապես խթանել երեխաների ստեղծագործական կարողությունները»:
Այս համատեքստում նախարարն առանձնակի շեշտել է միջոցառումը Կինոյի տանն անցկացնելու հանգամանքը՝ որպես Երևանի ամենաակտիվ մշակութային հաստատություններից մեկը: Նա աշակերտների ուշադրությունը հրավիրել է օրերս կայացող «Ոսկե ծիրան» կինոփառատոնի վրա՝ ընդգծելով, որ կինոօրերն արվեստի այս ճյուղը բացահայտելու հրաշալի հնարավորություն կլինեն նաև իրենց համար: Նշելով դահլիճում Հայաստանի ժողովրդական արտիստ, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանի ներկայությունը՝ նախարարը կարևոր է համարել, որ աշակերտները ճանաչեն ժամանակակից արվեստագետներին և պատվեն նրանց: Նա տեղեկացրել է, որ Հարություն Խաչատրյանն այժմ աշխատում է Վահան Տերյանի մասին ֆիլմի շուրջ, որը առաջիկայում հասանելի կլինի բոլորին:
Միջոցառման շրջանակում ցուցադրվել է հայկական առաջին լիամետրաժ անիմացիոն ֆիլմը՝ «Փոքր Մհերը», որը ստեղծված է արհեստական բանականության միջոցով։
Նշենք, որ «Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից ու Երևան քաղաքից։