Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Կրթություն

Մասնագիտական քննարկումներ՝ ուսուցչական համաժողովի շրջանակում

հոկտեմբեր 05, 2026

«Ընթերցանությունը բոլոր դասերին. ճանաչողությունից դեպի մտածողություն» խորագրով ուսուցչական համաժողովի շրջանակում կազմակերպվել են նաև մասնագիտական քննարկումներ, թեմատիկ աշխատարաններ:

Պանելային քննարկումները վերաբերել են ընթերցանության խթանմանը. որպես բանախոսներ՝ հանդես են եկել կրթության փորձագետներ, դասագրքերի հրատարակիչներ և հեղինակներ, կրթության և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ։

«Ինչ է նշանակում կարդալ 21-րդ դարում. տեքստից մինչև տվյալներ» թեմայով պանելային քննարկումը վարել է ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը: Մասնակցել են ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը, բանասիրական գիտությունների թեկնածու Վահրամ Դանիելյանը և «Զանգակ» հրատարակչության հիմնադիր տնօրեն Սոկրատ Մկրտչյանը:

Համաժողովի երկրորդ հատվածում մասնակիցներն աշխատել են չորս թեմատիկ բաժիններում՝ անդրադառնալով դասագրքի ընթերցման առանձնահատկություններին, գեղարվեստական տեքստի ընկալմանն ու հեղինակային խոսքին, PISA 2025-ի համատեքստում ընթերցանության մարտահրավերներին, ինչպես նաև թվային միջավայրում տեքստերի ընկալման և ընթերցանության հարցերին։

ԿԳՄՍ նախարարությունն ուսուցչական համաժողովն անցկացրել է ԵՄ աջակցությամբ` ՅՈւՆԻՍԵՖ-ի, ԵՊՀ-ի և ԿԶՆԱԿ-ի հետ համագործակցությամբ: Երևանի պետական համալսարանում կազմակերպված համաժողովին մասնակցել է շուրջ 700 ուսուցիչ՝ Երևանից և մարզերից: