1 ոսկե և 2 բրոնզե մեդալ` «Անգլերեն առանց սահմանների» միջազգային օլիմպիադայում
հոկտեմբեր 05, 2026
Հայաստանի ներկայացուցիչները 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվաճել սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ն Իտալիայի Սպոլետո քաղաքում անցկացված 14-րդ Hippo «Անգլերեն առանց սահմանների» միջազգային օլիմպիադայում, որի եզրափակիչ փուլին 70 երկրի 421 աշակերտ է մասնակցել։
Միջազգային փուլին Հայաստանից մասնակցելու իրավունք էին ստացել 4 աշակերտ, որոնցից մասնակցել են 3-ը՝ Միլենա Մանուկյանը (7-րդ դասարան, Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոց), Եվա Ֆարշյանը (10-րդ դասարան, Այբ դպրոց) և Մարի Եդիգարյանը (12-րդ դասարան, Եվրասիա ավագ դպրոց)։
Այս փուլում Հայաստանի ներկայացուցիչներից Եվա Ֆարշյանն անժանացել է բրոնզե մեդալի։ Միջազգային փուլի թիմը ղեկավարել է Հերմինե Մելքոնյանը (PTE (Pearson International Certificate) միջազգային բանավոր քննություն ընդունող (քննավար) անգլերեն լեզվի մասնագետ, ՄԱՌՄԱԳ ՍՊԻ տնօրեն), ով միաժամանակ հանդիսանում է Hippo «Անգլերեն առանց սահմանների» օլիմպիադայի՝ երկրի համակարգող։
Միջազգային փուլի մասնակիցների համար ընդունելություն է կազմակերպվել Իտալիայում ՀՀ դեսպանատանը՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանի մասնակցությամբ։
Hippo «Անգլերեն առանց սահմանների» միջազգային փուլին մասնակցելու հնարավորություն ստանալու համար աշակերտները պետք է հաղթահարեն մի քանի փուլեր։ Մասնավորապես՝ բոլոր ցանկացողները դպրոցում կամ առցանց ձևաչափով մասնակցում են նախնական փուլերին։ Նախնական փուլում տվյալ երկրում առավելագույն միավորները (մասնակիցների 20%-ից ոչ ավելին) ստացած աշակերտները հնարավորություն են ստանում մասնակցելու ազգային փուլին, որն անցկացվում է առանձին քաղաքներում կամ առցանց ձևաչափով։ Ազգային փուլում 50%-ից ավելի միավորներ ստանալու դեպքում մասնակիցները հնարավորություն են ստանում մասնակցելու փլեյ-օֆֆի ընտրական փուլերին, որոնց արդյունքում ձևավորվում է միջազգային փուլի մասնակիցների կազմը։
Միջազգային փուլի մասնակիցները, ինչպես նաև այն մասնակիցները, որոնք չեն ստանում միջազգային փուլին մասնակցելու հնարավորություն, սակայն իրենց միավորներն ազգային փուլում կազմում են 70% և ավելին, հնարավորություն են ստանում մասնակցելու մայրցամաքային փուլին։
Մայրցամաքային փուլը, 5 տարիքային խմբերով, անցկացվել է այս տարվա մայիսի 18-21-ը Իտալիայի Վենետիկ քաղաքում, որին 45 երկրի ավելի քան 1200 աշակերտ է մասնակցել։ Հայաստանի 16 կրթօջախի 38 աշակերտ մասնակցել է անցկացված մայրցամաքային փուլին և արժանացել՝ 1 ոսկե (Մարի Եդիգարյան, Եվրասիա ավագ դպրոց, 11-րդ դասարան) և 1 բրոնզե (Լիլի Դաղլարյան, Երևանի թիվ 130 հիմնական դպրոց, 4-րդ դասարան) մեդալների։
Հայաստանի թիմը մայրցամաքային փուլում ղեկավարել են Հերմինե Մելքոնյանը (երկրի համակարգող), Ալիս Դուրգարյանը (Գլոբալ Բրիջ կրթահամալիր), Աննա Հակոբյանը (Էվրիկա դպրոց), Ռուբինա Ծատուրյանը (Եվրոպական դպրոց), Ռոզա Սուքիասյանը (Օհանյան կրթահամալիր) և Գայանե Օհանյանը (Գորիսի ԳՕ կենտրոն):