Հուշագիր՝ Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի և Լայպցիգի Ruth-Pfau-Schule բժշկական քոլեջի միջև
հոկտեմբեր 07, 2026
Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի և Լայպցիգի Ruth-Pfau-Schule բժշկական քոլեջի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր «Ատամնատեխնիկական գործ» մասնագիտության ոլորտում համատեղ կրթական և մասնագիտական նախաձեռնությունների իրականացման, փորձի փոխանակման և համագործակցության հետագա զարգացման նպատակով: Արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը և Լայպցիգի փոխքաղաքապետ Սկադի Յենիկեի գլխավորած պատվիրակությունը:
Հուշագրի նպատակն է գերմանական կողմի հետ համագործակցել ատամնատեխնիկայի ոլորտում՝ հատուկ ուշադրություն դարձնելով գիտելիքի, մասնագիտական փորձի, մասնագիտական կրթության նորարարական մոտեցումների փոխանակմանը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը ողջունել է նախաձեռնությունը՝ այն որակելով որպես երիտասարդների ապագային միտված կարևոր քայլ. «Սա նոր հնարավորություն է ուսանողների համար՝ յուրացնելու գերմանական փորձը: Հույս ունեմ՝ գիտելիքի փոխանցումը կլինի երկկողմանի, և կայացած երկխոսությունը կապահովի դրական արդյունք մեր ուսանողների ու մանկավարժների համար»:
Կողմերը կարևորել են հուշագրի ստորագրումը՝ որպես կրթական հաստատությունների գործունեության նոր ձեռքբերում և հույս հայտնել, որ ստորագրված հուշագրով կմեկնարկի համագործակցությունների նոր փուլ:
Ակնկալվում է, որ Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի և Լայպցիգի Ruth-Pfau-Schule բժշկական քոլեջի համագործակցությունը կնպաստի Հայաստանում ատամնատեխնիկայի կրթության որակի բարելավմանը, սովորողների և դասավանդողների մասնագիտական կարողությունների ամրապնդմանը, ինչպես նաև եվրոպական և հայկական մասնագիտական կրթության հաստատությունների միջև ավելի սերտ կապերի ձևավորմանը։
Մինչ ստորագրման արարողությունը ներկաները քոլեջի տնօրեն Գոհար Գրիգորյանի ուղեկցությամբ շրջել են քոլեջում, ծանոթացել գործունեությանը, զրուցել ուսանողների հետ: