Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Ուղերձ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Գրադարանավարի օրվա առթիվ

հոկտեմբեր 07, 2026

Սիրելի՛ գրադարանավարներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Գրադարանավարի օրվա առթիվ: Այս տոնի նպատակն է ևս մեկ անգամ արժևորել գրադարանավարի մասնագիտությունը և դերը կրթամշակութային միջավայրի ձևավորման և ընթերցանության խթանման գործում: 

Գրադարանը մարդկության պատմության ողջ ընթացքում հանդիսացել է հասարակության հոգևոր, կրթական և մշակութային կյանքի հիմնասյուներից մեկը։ Գրադարանների միջոցով սերունդները հաղորդակցվում են հազարամյակների ընթացքում ստեղծված մտավոր և մշակութային ժառանգությանը: 

Գրադարանն առանձնահատուկ կարևորություն ունի գրավոր մշակութային ժառանգության պահպանման, հանրահռչակման, թվայնացման և հասանելիության ապահովման գործում, իսկ գրադարանավարի առաքելությունն այդ արժեքները սերունդներին փոխանցելն է։

Այսօր գրադարանների դերը շարունակաբար ընդլայնվում է: Ժամանակակից գրադարանը դառնում է կրթության, հետազոտության, տեղեկատվության, մշակութային երկխոսության, համայնքային կյանքի և հանրային հաղորդակցության բազմաֆունկցիոնալ կենտրոն՝ միաժամանակ պահպանելով իր հիմնարար առաքելությունը՝ ապահովել գիտելիքի հասանելիությունը և նպաստել ընթերցանության մշակույթի ձևավորմանը, տարածմանը և զարգացմանը։  

Գրադարանը ոչ միայն ապահովում է գրքերի և տեղեկատվական ռեսուրսների հասանելիությունը, այլև ստեղծում է այնպիսի միջավայր, որտեղ ընթերցանությունը կարող է դառնալ մարդու առօրյայի անբաժանելի մասը։

Գրադարանների զարգացման և արդիականացման գործընթացը պետական մշակութային քաղաքականության առանցքային ուղղություններից մեկն է: Այս համատեքստում կարևորելով գրադարանավարների դերն ու նշանակությունը՝ նախարարությունը առաջնահերթ է համարում նրանց շարունակական վերապատրաստումը, մասնագիտական գիտելիքների և հմտությունների կատարելագործումը, ինչպես նաև միջազգային փորձի ուսումնասիրման և փոխանակման հնարավորությունների ընդլայնումը։

Կրկին շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում ստեղծագործական նոր գաղափարներ, մասնագիտական ձեռքբերումներ, հաջողություններ, ուժ և եռանդ մեր երկրի գրադարանային համակարգի զարգացմանը նպաստելու գործում։