Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
հոկտեմբեր 07, 2026
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեի հետ։
Նախարարները քննարկել են երկու երկրների միջև կրթության և գիտության ոլորտներում համագործակցության ընդլայնման, փորձի փոխանակման, ինչպես նաև համատեղ նախաձեռնությունների և միջոցառումների իրականացմանն առնչվող հարցեր։
Հանդիպման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել երկու երկրներում հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտներում իրականացվող բարեփոխումներին։ Կողմերն անդրադարձել են դպրոցաշինության ծրագրերին, ինչպես նաև կրթական ծրագրերի բարելավմանն ուղղված աշխատանքներին առնչվող մի շարք այլ հարցերի։
Նախարարներն առանձնակի կարևորել են Հայաստանի և Վրաստանի երիտասարդների մասնակցությամբ հավաքների և ճամբարների պարբերաբար կազմակերպումը՝ դրանք դիտարկելով որպես երկու ժողովուրդների միջև կապերի ամրապնդման և երիտասարդների շփումների խթանման կարևոր հարթակ։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու սերտ համագործակցությունը կրթության, գիտության և երիտասարդության ոլորտներում և պայմանավորվել՝ քննարկել հետագա համատեղ ծրագրերը։
ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակության կազմում է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը։