Հայաստան-Իրան․ համագործակցության հուշագիր սպորտի և երիտասարդության ոլորտներում
հոկտեմբեր 08, 2026
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության սպորտի և երիտասարդության նախարար Ահմադ Դոնիամալիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը և Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին:
Կողմերը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև սպորտի և երիտասարդության ոլորտներում հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր՝ ընդգծելով այդ նպատակին ուղղված ՀՀ ԿԳՄՍ և ԻԻՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների միջև երիտասարդության և սպորտի ոլորտներում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրումը:
Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է գործընկերոջը և շեշտել՝ 2025 թ. Իրան այցի շրջանակում քննարկված մի շարք պայմանավորվածություններ իրականություն են դառնում. «Հայաստանի և Իրանի միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը բարենպաստ հիմք է նաև սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման համար։ Վստահ եմ՝ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը հնարավորություն կտա համակարգված կերպով առաջ մղել մեր համատեղ նախաձեռնությունները»։
Ահմադ Դոնիամալին նշել է, որ իրանական կողմը կարևորում է Հայաստանի հետ բազմակողմ համագործակցությունը՝ ներկայացնելով Իրանի փորձառությունն ու ձեռքբերումները սպորտի բնագավառում:
Նշվել է, որ թե՛ Հայաստանը, թե՛ Իրանը համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ ունեն հատկապես ֆուտբոլ, բռնցքամարտ, ծանրամարտ, ըմբշամարտ մարզաձևերում։ Կողմերը կարևորել են ակումբային թիմերի ձևավորումը, համատեղ ճամբարների և մարզիչների վերապատրաստման կազմակերպումը, փոխադարձ հավաքների անցկացումը:
Նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է առաջիկա տարում Հայաստանում նախատեսվող միջազգային մրցաշարերը, այդ թվում՝ Կարատեի Եվրոպայի մինչև 21 տարեկանների, Ծանրամարտի աշխարհի առաջնությունները:
Անդրադարձ է եղել նաև շախմատի մասնագետների փոխայցերի, փորձի փոխանակման և համատեղ կրթական նախաձեռնությունների հնարավորությանը՝ հաշվի առնելով իրանական կողմի հետաքրքրությունը Հայաստանի դպրոցներում շախմատի ուսուցման փորձի նկատմամբ։
Կողմերը կարևորվել են երիտասարդության ոլորտում համագործակցությունը, մասնավորապես՝ երկու երկրների հասարակական կազմակերպությունների երկխոսությունը, երիտասարդ գիտնականների և հետազոտողների համագործակցությունն ու փորձի փոխանակումը:
Հանդիպումն ավարտվել է հուշագրի ստորագրմամբ. կողմերն այն կարևորել է որպես երկկողմ համագործակցության իրավական և ինստիտուցիոնալ հիմքի ամրապնդման կարևոր քայլ։