Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Միջազգային

Իրանի սպորտի և երիտասարդության նախարար Ահմադ Դոնիամալին այցելել է մարզական և կրթական հաստատություններ

հոկտեմբեր 08, 2026

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության սպորտի և երիտասարդության նախարար Ահմադ Դոնիամալին այսօր այցելել է մարզական և կրթական մի շարք հաստատություններ՝ ենթակառուցվածքներին ծանոթանալու և երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանի, Սպորտի կառավարման կենտրոնի տնօրեն Խորեն Զարգարյանի և ՀՖՖ գլխավոր քարտուղար Էդգար Պետրոսյանի ուղեկցությամբ  ԻԻՀ սպորտի և երիտասարդության նախարարը նախ այցելել է ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ֆուտբոլի ակադեմիա, ծանոթացել մարզումային պայմաններին։ Քննարկվել են ֆուտբոլի ոլորտում համագործակցության խորացման և մասնագիտական փորձի փոխանակման հնարավորությունները։ 

Հաջորդիվ Ահմադ Դոնիամալին այցելել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ։ Ներկա է եղել նաև Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: Ռեկտոր Տիգրան Սիմոնյանը ներկայացրել է բուհի կրթական և գիտահետազոտական գործունեությունը, մասնավորապես՝ «Սպորտ լաբ» գիտահետազոտական կենտրոնը, որտեղ իրականացվում են հետազոտություններ սպորտային ֆիզիոլոգիայի, կենսամեխանիկայի և վերականգնողական գիտության բնագավառում։

Բարձրաստիճան հյուրը շրջել է ըմբշամարտի, ձյուդոյի, ծանրամարտի և սպորտային մարմնամարզության մարզադահլիճներում՝ ծանոթանալով մարզումային պայմաններին։

Կողմերը քննարկել են սպորտային կրթության, գիտության և հետազոտությունների ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ կարևորելով մասնագիտական փորձի փոխանակումը, համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացումը, աշխատաժողովների և կրթական միջոցառումների կազմակերպումը։

Այցի շրջանակում Իրանի սպորտի և երիտասարդության նախարարը հանդիպել է նաև Հայաստանի հակադոպինգային գործակալության ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են դոպինգի կանխարգելման, հակադոպինգային կրթության, մասնագիտական փորձի փոխանակման և համատեղ նախաձեռնությունների իրականացման հարցեր։