Համագործակցության հեռանկարներ՝ նորաձևության ոլորտում
հոկտեմբեր 09, 2026
Երևանում անցկացվում է «Նորաձևության շաբաթ 2026» ծրագիրը՝ «Վարդագույն քաղաք Երևան» խորագրի ներքո։ Ծրագրի շրջանակում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ անցկացվել է նաև «Fashion Scout Armenia 2026» երիտասարդ դիզայներների մրցանակաբաշխությունը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Պոլիմոդա Իտալիա» կազմակերպության ղեկավար Մասսիմիլիանո Ջիորնետիի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով ներկաներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է ծրագրի պաշտոնական բացման առիթով, որը կայացել է հոկտեմբերի 8-ին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում՝ «Հին աստվածներ. Էրեբունիից մինչև ժամանակակից Երևան» հատուկ ցուցահանդեսի բացմամբ:
«Մենք շատ ենք կարևորում այս համագործակցությունը, հատկապես՝ ստեղծարար արդյունաբերության զարգացման տեսանկյունից»,- ասել է նախարարը՝ ընդգծելով նաև կրթական բաղադրիչի իրականացման հնարավորությունը: Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով նախարարության աջակցությամբ իրականացվող «Fashion Scout Armenia» մրցույթին, նշել է, որ այն հայ երիտասարդ դիզայներների համար միջազգային հարթակներում նոր հնարավորություններ է ստեղծում՝ խրախուսելով ստեղծարարությունն ու նորարարությունը: Մրցույթին ներկայացվել է 75 հայտ, ցուցադրվել է 8-ը, որոնցից ընտրվել է 3 հաղթող:
Մասսիմիլիանո Ջիորնետին շնորհակալություն է հայտնել հանդիպման համար՝ ընդգծելով՝ նորաձևությունը միայն դիզայն չէ, այն և՛ մշակույթ է, և՛ ժառանգություն, և՛ ինքնություն:
Հանդիպմանը կողմերը քննարկել են ԿԳՄՍ նախարարության և «Պոլիմոդայի» համագործակցությամբ կրթական ծրագիր իրականացնելու ձևաչափը, այն Հայաստանի մի քանի բուհերում ներդնելու հնարավորությունները: Հատկապես կարևորվել է կրթական ծրագրում մշակութային ժառանգության բաղադրիչի շեշտադրումը: Այս համատեքստում քննարկվել են Հայաստանի ստեղծարար երիտասարդների ներգրավմամբ զարդերի արտադրությանը, աշխատաշուկայի հետ կապերի ամրապնդմանը, ձեռներեցության խթանմանն ուղղված հեռանկարները: Կողմերը նախանշել են ճանապարհային քարտեզի անհրաժեշտությունն ու հնարավոր համագործակցության ձևաչափը, մասնավորապես՝ հուշագրի տեսքով: