Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Երիտասարդություն

Օձունում բացվել է Երիտասարդական տարածք

հոկտեմբեր 13, 2026

Լոռու մարզի Ալավերդի համայնքի Օձուն բնակավայրում այսօր տեղի է ունեցել «Երիտասարդական տարածքի» բացման արարողությունը, որին մասնակցել են  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը,  Ալավերդի համայնքի ղեկավարի տեղակալ Արթուր Մանուկյանը, «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Յակոբ Վյոլլենշտայնը (Կոնրադ Ադենաուեր հիմնադրամ) և  «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանը: 

Միջոցառումը մեկնարկել է Օձունի մանկական արվեստի, Ալավերդու Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական և Ախթալայի արվեստի դպրոցների սաների կատարումներով:

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհավորել է Օձունի երիտասարդական տարածքի բացման կապակցությամբ և ընդգծել, որ երիտասարդների ներուժի բացահայտումը, նրանց կարողությունների զարգացումը և համայնքային կյանքում ակտիվ մասնակցության խթանումը պետական քաղաքականության կարևոր ուղղություններից են։

««Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքով կարևորվում է նաև համայնքներում երիտասարդական միջավայրերի ստեղծումն ու դրանց գործունեությանն աջակցությունը՝ որպես երիտասարդական քաղաքականության իրականացման կարևոր բաղադրիչ։ Հենց այսպիսի միջավայրերում երիտասարդները հնարավորություն են ստանում զարգացնելու իրենց հմտությունները, իրականացնելու սեփական նախաձեռնությունները և մասնակցելու համայնքի զարգացմանը»,- ասել է Քրիստինա Թաթարյանը և մաղթել, որ տարածքը դառնա երիտասարդների գաղափարների, նախաձեռնությունների և համագործակցության բաց հարթակ, որտեղ նրանք կիրացնեն իրենց ներուժը՝ դառնալով համայնքային կյանքի ակտիվ դերակատարներ։

Նրա խոսքով՝ կարևորում է, որ Գյումրու Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը շարունակելու է աջակցությունը՝ նպաստելով երիտասարդների կարիքներին համապատասխան ծրագրերի, կրթական հնարավորությունների և նոր նախաձեռնությունների իրականացմանը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամին, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ին և Ալավերդու համայնքապետարանին՝ նախաձեռնության իրականացման գործում ունեցած ներդրման և համագործակցության համար։

Պաշտոնական արարողությունից հետո նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը շրջել է երիտասարդական կենտրոնում, ծանոթացել տարածքին, ստեղծված պայմաններին և կենտրոնի ընձեռած հնարավորություններին: Երիտասարդների հետ հանդիպմանը վերջիններս ներկայացրել են իրենց ստեղծագործական գաղափարներն ու համայնքի զարգացմանն ուղղված առաջարկները:

Օձունի «Երիտասարդական տարածքը» հիմնվել է Եվրոպական միության և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» նախագծի շրջանակում՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և Ալավերդու համայնքապետարանի համագործակցությամբ։

Ծրագրի շրջանակում ևս 5 երիտասարդական տարածքներ են ստեղծվել Արմավիրի մարզի Վաղարշապատ խոշորացված համայնքի Գեղակերտ, Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Սառնաղբյուր, Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշորացված համայնքի Բերդավան, Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքի Շաքի բնակավայրում և Գեղարքունիքի  մարզի Վարդենիս խոշորացված համայնքում:

2026 թվականի մայիսին նշված վեց երիտասարդական տարածքների գործունեության շարունակական ապահովման և համագործակցության ամրապնդման նպատակով փոխըմբռնման հուշագրեր են կնքվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, համապատասխան համայնքների և քաղաքացիական հասարակության կառույցների միջև:

Երիտասարդական տարածքները կգործեն ԿԳՄՍ նախադրության հաստատած երիտասարդական միջավայրերի գործունեության ուղեցույցի համաձայն։