Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Միջազգային

COP17 համաժողով․ կրթական, գիտական, մշակութային, երիտասարդական տարաբնույթ միջոցառումներ կանցկացվեն

հոկտեմբեր 16, 2026

Հոկտեմբերի 19-30-ը Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և ԿԳՄՍՆ ենթակա կազմակերպությունները ներգրավված են տարբեր միջոցառումներում։

Միջոցառումները կանցկացվեն համաժողովի «Կապույտ գոտում»՝ «Մերիդիան» կենտրոնում, և «Կանաչ գոտում»՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, ինչպես նաև հարակից մի շարք այլ հարթակներում։

Միջոցառումներ «Կապույտ գոտում»՝ «Մերիդիան» ցուցահանդեսների կենտրոն

Հոկտեմբերի 19-30-ը՝ «Կենսաբազմազանությունից մինչև դպրոցական ափսե» վիրտուալ ցուցադրություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը վիրտուալ իրականության (VR) տեխնոլոգիաների միջոցով կներկայացնեն Հայաստանի «Ազգային դպրոցական սնունդ» ծրագիրը։

Այցելուները հնարավորություն կունենան վիրտուալ շրջայց կատարելու Հայաստանի դպրոցամերձ այգիներում, ջերմատներում և դպրոցական խոհանոցներում, ծանոթանալու ամբողջահատիկ ցորենի արժեշղթային և տեսնելու, թե ինչպես են կրթությունը, տեղական գյուղատնտեսությունը, առողջ սնուցումն ու կենսաբազմազանության պահպանությունը փոխկապակցվում։  

Հոկտեմբերի 19-ին՝ բարձրաստիճան պանելային քննարկում

«Կրթությունը՝ որպես կենսաբազմազանության պահպանման և կայուն պարենային համակարգերի զարգացման շարժիչ ուժ» խորագրով քննարկմանը կներկայացվի դպրոցական սննդի ծրագրերի դերը պարենային ապահովության ամրապնդման, կենսաբազմազանության պահպանության և կայուն գյուղատնտեսության զարգացման գործում։ Հայաստանի «Ազգային դպրոցական սնունդ» ծրագիրը կներկայացվի որպես կրթության, գյուղատնտեսության և առողջ սնուցման ոլորտների համագործակցության օրինակ։ Նախատեսվում է Հայաստանի, Բրազիլիայի, Կամբոջայի, Ինդոնեզիայի և Ռուանդայի ներկայացուցիչների մասնակցությունը։

Հոկտեմբերի 24-25-ը կանցկացվի «Գիտական ֆորում»՝ նվիրված կենսաբազմազանության պահպանության ոլորտում գիտական ձեռքբերումներին, հետազոտություններին և նորարարական լուծումներին։

Ֆորումի թեմատիկ քննարկումներն առնչվում են կենսաբազմազանության գնահատման գործում հեռազննման տեխնոլոգիաների կիրառմանը, Հայաստանի վտանգված բուսատեսակների պահպանությանը և հայկական գիտական հաստատությունների հետազոտական աշխատանքներին։

Հոկտեմբերի 25-ին  կանցկացվի «Բնություն և մշակույթ» համաժողովը։

Հոկտեմբերի 26-ին Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլը հանդես համերգային ծրագրով՝ «Լեռների օր» մշակութային միջոցառման շրջանակում։

Միջոցառումներ «Կանաչ գոտում». մուտքն ազատ է

COP17-ի «Կանաչ գոտում»՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հոկտեմբերի 19-30-ը ԿԳՄՍ նախարարությունը կներկայացնի առանձին տաղավար, որտեղ համակարգի կազմակերպությունների մասնակցությամբ հանրության համար նախատեսվում են կրթական, երիտասարդական և մշակութային միջոցառումներ։

Հոկտեմբերի 19-ին և 21-ին «Բարեկամություն» պետական անսամբլը «Կանաչ գոտու» մշակութային հարթակում հանդես կգա պարային կատարումներով՝ այցելուներին ներկայացնելով հայկական պարարվեստը։

Հոկտեմբերի 19-ին և 30-ին Երևանի մնջախաղի պետական թատրոնը կներկայացնի «Գիրք Ծաղկանց» ներկայացումը՝ համալրելով համաժողովի մշակութային ծրագիրը թատերարվեստի ինքնատիպ արտահայտչամիջոցներով։

Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 10:00-ին, կանցկացվի պանելային քննարկում «Երիտասարդները՝ որպես փոփոխությունների շարժիչ ուժ. դպրոցական սնունդ և կենսաբազմազանություն» խորագրով։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության, «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի մասնակցությամբ պանելային քննարկումը նվիրված է բնապահպանական կրթության և կենսաբազմազանության պահպանության գործում երիտասարդների դերակատարությանը։ Կներկայացվի Հայաստանի փորձը դպրոցական ագրոխմբակների, մինի այգիների և ջերմատների ստեղծման ուղղությամբ։ Քննարկմանը կհաջորդի աշակերտների և ուսանողների մշակած նորարարական նախագծերի ներկայացումը։

Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10:00-ին, կանցկացվի «Տեղեկացվածությունից դեպի փոփոխություն․ միավորելով սնունդը, առողջությունը, կրթությունը և կենսաբազմազանությունը՝ հանուն կայուն ապագայի» աշխատաժողովը։

Մասնակիցները կծանոթանան ամբողջահատիկ ցորենի արժեշղթային՝ հացահատիկի մշակումից մինչև դպրոցական սեղանին մատուցվող հացը։ Նախատեսվում են գործնական ցուցադրություններ, մասնագիտական քննարկումներ և հնարավոր համտեսներ, որոնց միջոցով կներկայացվի տեղական արտադրության ու ագրոկենսաբազմազանության նշանակությունն առողջ սնուցման գործում։

Ավելի քան 30 միջոցառումներ՝ ԿԳՄՍՆ համակարգման կազմակերպություններում

Միաժամանակ, COP17-ի շրջանակում ԿԳՄՍՆ համակարգման ոլորտների մի շարք կառույցներ ավելի քան 30 միջոցառումներ կանցկացնեն  թանգարաններում, գրադարաններում, պատմամշակութային արգելոց-թանգարաններում, թատերահամերգային կազմակերպություններում և կրթական հաստատունություններում։ Նշված միջոցառումների ընթացքում կներկայացվեն մեր երկրի  պատմությունն ու մշակույթը,  ազգային ծեսերն ու ավանդույթները, արվեստն ու ժառանգությունը, ինչպես նաև կրթագիտական համակարգերը։ Համաժողովին ընդառաջ հոկտեմբերի 17-18-ը ԵՊՀ-ում կանցկացվի Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը, որին  կմասնակցեն 16-35 տարեկան շուրջ 400 երիտասարդ առաջնորդներ՝ 150-ը արտերկրից, 250-ը՝ Հայաստանի մարզերից։

Հոկտեմբերի 25-ին Գառու տաճարում Ռ. Հարոյանի անվան «Մասունք» ավանդական երգի-պարի համույթը հանդես կգա համերգային ծրագրով՝ ներկայացնելով ազգային ծեսերին նվիրված պարային կատարումներ։ Սևանում կանցկացվի հյուրասիրության և համտեսի ծրագիր, որի ընթացքում հյուրերին կներկայացվեն ազգային կերակրատեսակների պատմությունը և ծիսական նշանակությունը։ Միջոցառումը կիրականացվի «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։