Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Միջազգային

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիին

հոկտեմբեր 16, 2026

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիին, որը Հայաստան է ժամանել Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) մասնակցելու նպատակով։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը։

Ողջունելով հյուրերին՝ Ժաննա Անդրեասյանը բարձր է գնահատել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը կրթության, գիտության, մշակույթի, տեղեկատվության և հաղորդակցության ոլորտներում՝ վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու և ընդլայնելու համատեղ նախաձեռնությունները։ Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի դերակատարումը կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական կրթության զարգացման, ինչպես նաև բնության և մշակույթի փոխկապակցվածության վերաբերյալ միջազգային օրակարգի առաջմղման գործում։

Նախարարն ընդգծել է COP17-ի շրջանակում ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությամբ նախատեսվող նախաձեռնությունների նշանակությունը՝ որպես միջազգային համագործակցության ամրապնդման և բնապահպանական խնդիրների լուծման գործում կրթության, գիտության ու մշակույթի դերակատարության բարձրացման կարևոր հնարավորություն։ Ժաննա Անդրեասյանը համոզմունք է հայտնել, որ համաժողովը կնպաստի կենսաբազմազանության պահպանությանն ուղղված միջազգային համագործակցության խորացմանը՝ խրախուսելով կրթական հաստատությունների, գիտական համայնքի և երիտասարդների առավել ակտիվ ներգրավվածությունը։

Այս համատեքստում քննարկվել են COP17-ի շրջանակում ձևավորված համագործակցությունը շարունակելու և կրթության, գիտության ու մշակույթի ոլորտներում կենսաբազմազանության պահպանությանն ուղղված համատեղ նախաձեռնություններ իրականացնելու հնարավորությունները։ Կարևորվել է նաև Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան կառույցների միջև հետագա աշխատանքային քննարկումների անցկացումը՝ համագործակցության հնարավոր ուղղություններն ու իրականացման ձևաչափերը հստակեցնելու նպատակով։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և բարձր գնահատել Հայաստանի ակտիվ մասնակցությունը կազմակերպության ծրագրերին ու նախաձեռնություններին։ Նա Հայաստանը բնութագրել է որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի վստահելի գործընկեր՝ հատկապես կարևորելով կրթության, մշակույթի և մշակութային ժառանգության պահպանության ոլորտներում իրականացվող համատեղ աշխատանքը։

Կողմերը վերահաստատել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցությունը շարունակելու և խորացնելու պատրաստակամությունը: