Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Միջազգային

Ավելի քիչ միջամտություն, ավելի մեծ հարգանք բնության նկատմամբ․ մեկնարկել է Կենսաբազմազանության երիտասարդական գագաթնաժողովը

հոկտեմբեր 17, 2026
Երևանի պետական համալսարանում այսօր մեկնարկել է Կենսաբազմազանության երիտասարդական համաշխարհային գագաթնաժողովը, որին մասնակցում են 16-35 տարեկան շուրջ 400 երիտասարդ առաջնորդներ՝ 150-ը արտերկրից, 250-ը՝ Հայաստանից: Երկօրյա գագաթնաժողովի ընթացքում մասնակիցները կքննարկեն կենսաբազմազանության պահպանության գործում երիտասարդների դերը, կփոխանակվեն փորձով, կներկայացնեն իրենց նախաձեռնություններն ու գաղափարները, ինչպես նաև կնախապատրաստվեն Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) քննարկումներին ակտիվ մասնակցությանը։
 
Երիտասարդական համաշխարհային գագաթնաժողովի բացման արարողությանը ներկա են եղել և ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը, Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը, Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի փոխներկայացուցիչ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի գործող ղեկավար Սիլվիա Մեստրոնին, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ: 
 
Կենսաբազմազանության պահպանության գործում երիտասարդների մասնակցության ամրապնդման, փորձի փոխանակման և բնապահպանական մարտահրավերների լուծմանն ուղղված գործնական առաջարկությունների մշակման նպատակով անցկացվող Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության և Կենսաբազմազանության ոլորտում երիտասարդների համաշխարհային ցանցի համագործակցությամբ՝ միջազգային և տեղական կազմակերպությունների աջակցությամբ:

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդգծել է կենսաբազմազանության պահպանության գործում երիտասարդ սերնդի մասնակցության և պատասխանատվության կարևորությունը՝ նշելով, որ այսօր ընդունվող որոշումներն անմիջական ազդեցություն են ունենալու ապագա սերունդների կյանքի վրա։ Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել Կենսաբազմազանության երիտասարդական գլոբալ ցանցին (GYBN), Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների միությանը և գագաթնաժողովի կազմակերպմանն աջակցած բոլոր գործընկերներին:
 
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանն առանձնահատուկ կարևորել է երիտասարդների դերը կենսաբազմազանության պահպանության և կայուն զարգացման գործում՝ ընդգծելով, որ բնության նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը սկսվում է կյանքի արժեքի գիտակցումից։ Նրա խոսքով՝ կենսաբազմազանության պահպանումը վերաբերում է ոչ միայն բուսական և կենդանական աշխարհին, այլև մարդկանց, ընտանիքներին և այն միջավայրին, որտեղ ապրելու և մեծանալու են ապագա սերունդները․ «Այսօր այստեղ քննարկվող հարցերն ու ընդունվող որոշումները կարող են որոշիչ դեր ունենալ այն հարցում, թե ինչպիսի հարաբերություններ ենք ցանկանում ձևավորել բնության հետ՝ ոչ միայն մեզ, այլև մեր երեխաների և ապագա սերունդների համար»։

Նախարարի տեղակալը շեշտել է բնապահպանական կրթության կարևորությունը՝ ընդգծելով, որ այն չպետք է սահմանափակվի դասասենյակներով, այլ պետք է դառնա երիտասարդների առօրյայի և հանրային երկխոսության անբաժանելի մասը։ Նրա համոզմամբ՝ անհրաժեշտ է խրախուսել երիտասարդներին, որ նրանք ճանաչեն բնությունը` անմիջականորեն հաղորդակցվելով, գնահատելով և պահպանելով այն․ «Բնությունը միշտ չէ, որ մարդկային լրացուցիչ միջամտության կարիք ունի։ Հաճախ այն անհրաժեշտ է ճիշտ հակառակը՝ ավելի քիչ միջամտություն, ավելի քիչ աղտոտում, ավելի քիչ ավերածություններ, բնական պաշարների ավելի քիչ շահագործում և, ամենակարևորը, ավելի մեծ հարգանք»։

Շնորհակալություն հայտնելով գագաթնաժողովի կազմակերպիչներին և երիտասարդական կազմակերպություններին՝ նախարարի տեղակալը հույս հայտնել, որ քննարկումների արդյունքում ձևավորված գաղափարներն ու առաջարկությունները կնպաստեն բնապահպանական խնդիրների լուծմանը և դրական փոփոխությունների իրականացմանը։
 
 
Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերը նշել է՝ երիտասարդների մոբիլիզացումը պարզապես ցանկալի երևույթ չէ, այլ բացարձակ անհրաժեշտություն: «Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակային ծրագրում հատուկ ընդգծված է երիտասարդության դերը. հիմնական դրույթների իրականացումը պետք է լինի սերունդների միջև արդարության սկզբունքով, ինչպես նաև որոշումների կայացման գործընթացների բոլոր մակարդակներում երիտասարդների իմաստալից մասնակցությունն ապահովելու միջոցով»,- ասել է Շոմեյքերը։
 
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը նշել է, որ համալսարանի նախաձեռնությամբ ստեղծվել է Հայաստանի բուհերի կենսաբազմազանության կոալիցիան, որը միավորում է 15 բուհերի գիտակրթական ներուժը։ COP17-ի կանաչ գոտում համալսարանները կներկայացնեն իրենց հետազոտությունները, նորարարական լուծումներն ու բնության պահպանությանն ուղղված նախաձեռնությունները՝ այցելուներին հրավիրելով բացահայտելու կենսաբազմազանությունն ու գիտության հնարավորությունները։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի Հայաստանյան գրասենյակի գործող ղեկավար Սիլվիա Մեստրոնին ևս կարևորել է երիտասարդների ներգրավվածությունը կենսաբազմազանության պահպանության և կլիմայական մարտահրավերների հաղթահարման գործընթացներում։ Նա անդրադարձ է կատարել նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, այդ թվում՝ Կենսաբազմազանության երիտասարդական գլոբալ ցանցի (GYBN) կարևոր դերակատարությանը։
 
«Կենսաբազմազանության կորուստը ոչ միայն բնապահպանական, այլև երեխաների իրավունքների ճգնաժամ է, քանի որ առողջ էկոհամակարգերն անմիջականորեն պայմանավորում են երեխաների և երիտասարդների առողջությունը, անվտանգությունն ու բարեկեցությունը՝ ապահովելով մաքուր օդ, ջուր, սննդարար սնունդ և պաշտպանություն հիվանդություններից ու բնական աղետներից»,- ասել է Սիլվիա Մեստրոնին: