«Հայկական ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստ» միջազգային գիտաժողով․ պարգևատրվել են ժողովրդական արվեստի ոլորտի երախտավորները
հոկտեմբեր 17, 2026
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ և աջակցությամբ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում անցկացվում է «Հայկական ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստ» խորագրով միջազգային գիտաժողովը։ Այն նվիրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվան և Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 100-ամյակին։
Գիտաժողովի նպատակն է նորովի արժևորել հայկական ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստի հարուստ ժառանգությունը, խթանել դրա պատմության, զարգացման և արդի հիմնախնդիրների գիտական ուսումնասիրությունը, ինչպես նաև ստեղծել մասնագիտական երկխոսության հարթակ՝ մշակութային ժառանգության պահպանության, փոխանցման և ժամանակակից մշակութային կյանքում դրա դերի շուրջ։
Օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը պարգևներ է հանձնել ոլորտի մի շարք ներկայացուցիչների։ Մասնավորապես՝ ոչ նյոթական մշակութային ժառանգության պահպանության ոլորտում ունեցած նշանակալի ներդրման համար ԿԳՄՍ նախարարության մեդալի են արժանացել Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանը, արվեստաբան, հավաքորդ Հրազդան Թոքմաջյանը, ասեղնագործուհի Արմինե Խաչատրյանը, հավաքորդ Նարեկ Աշուղաթոյանը։
Ոլորտի այլ երախտավորներ արժանացել են պատվոգրերի ու շնորհակալագրերի։ Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ոլորտում ունեցած անուրանալի ներդրման համար՝ կարևորելով ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումն ու փոխանցումը սերունդներին։ Նա նշել է, որ ոլորտը պետական քաղաքականության առանցքում է․ պարբերաբար թարմացվում են ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերը, պետության աջակցությամբ վերաբացվել է Դիլիջանի գործվածքի թանգարանը, շարունակական ջանքեր են գործադրվում նոր հայտեր գրանցելու ուղղությամբ։ Գիտաժողովի անցկացումը խորհրդանշական է նաև Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա համատեքստում։ 2023 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 42-րդ նստաշրջանի որոշմամբ հոկտեմբերի 17-ը հռչակվել է Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օր, որն առաջին անգամ նշվել է 2024 թվականին։ Նպատակը կենսունակ մշակութային ժառանգության մասին հանրային իրազեկվածության բարձրացումն է՝ կարևորելով պահպանությունը և սերունդներին փոխանցումը։
Երևանում՝ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում մեկնարկած գիտաժողովին մասնակցում են գիտնականներ, հետազոտողներ, թանգարանային մասնագետներ ու մշակութային ժառանգության ոլորտի ներկայացուցիչներ։ Նրանք ներկայացնում են զեկուցումներ՝ նվիրված հայկական ժողովրդական արվեստի պատմությանն ու տեսությանը, թանգարանային և մասնավոր հավաքածուներին, ժողովրդական վարպետների ստեղծագործական ժառանգությանը, ավանդական արհեստների պահպանմանն ու փոխանցմանը, նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության փոխառնչություններին, ինչպես նաև ժողովրդական արվեստի և ժամանակակից դիզայնի, կրթության ու ստեղծարար արդյունաբերությունների փոխգործակցությանը։
Հոկտեմբերի 18-ին գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն Դիլիջանի Villa 3 քովորքինգ հարթակում։ Գիտական զեկուցումներին կհաջորդի «Ոչ նյութական մշակութային ժառանգությունը՝ որպես քաղաքային կերպարի ձևավորման գործոն» խորագրով պանելային քննարկումը, որը կանցկացվի նաև Green Rock հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Դիլիջանի կերպարի ձևավորման ռազմավարություն» (Dilijan Urban Design Framework) ծրագրի շրջանակում։ Քննարկման ընթացքում Դիլիջանի օրինակով անդրադարձ կլինի մշակութային ժառանգության դերին քաղաքի ինքնության և յուրահատուկ դիմագծի ձևավորման գործում, ավանդական մշակույթի, պատմական միջավայրի և ժամանակակից քաղաքային զարգացման փոխառնչություններին, ինչպես նաև մշակութային ժառանգության պահպանության և քաղաքային միջավայրի բարելավման համադրման հնարավորություններին։ Պանելային քննարկմանը կհաջորդի գիտաժողովի ամփոփումը, որի ընթացքում կներկայացվեն հիմնական եզրահանգումները և հետագա մասնագիտական համագործակցության հնարավոր ուղղությունները։ Գիտաժողովի անցկացումը Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների կարևոր բաղադրիչներից է և հարգանքի տուրք նրա թողած մշակութային ժառանգությանը։
Հովհաննես Շարամբեյանի գործունեությունն առանձնահատուկ նշանակություն է ունեցել հայկական ժողովրդական արվեստի պահպանության, ուսումնասիրման և հանրահռչակման, ինչպես նաև Դիլիջանի մշակութային միջավայրի ձևավորման և զարգացման գործում։ Գիտաժողովը միտված է ոչ միայն անցյալի մշակութային արժեքների գիտական վերաիմաստավորմանը, այլև դրանց պահպանության և զարգացման նոր հնարավորությունների բացահայտմանը՝ ընդգծելով ժողովրդական արվեստի դերը ժամանակակից հասարակության մշակութային ինքնության ձևավորման և սերունդների միջև շարունակական կապի ապահովման գործում։
Գիտաժողովն անցկացվում է «Մշակույթի զարգացման» և Green Rock հիմնադրամների աջակցությամբ։