Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Մշակույթ

Մեկնարկել է «Քույր դպրոցներ» մշակութային կրթության նպատակային ծրագրի աշնանային փուլը

հոկտեմբեր 20, 2026

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Երևանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ իրականացվող «Քույր դպրոցներ» մշակութային կրթության նպատակային ծրագրի աշնանային փուլը մեկնարկել է:

Ծրագրի շրջանակում Թալինի երաժշտական դպրոցի պատվիրակությունը հյուրընկալվել է Երևանի Ալեքսանդր Աճեմյանի անվան երաժշտական դպրոցում, ծանոթացել դպրոցի կրթական պայմաններին, ուսումնական միջավայրին և գործունեությանը։ 

Այնուհետև երկու դպրոցների սաներն ու մանկավարժներն այցելել են Արամ Խաչատրյանի տուն-թանգարան, որտեղ ճանաչողական շրջայցի ընթացքում ծանոթացել են մեծանուն կոմպոզիտորի կյանքին և ստեղծագործական ժառանգությանը։ Այցն ամփոփվել է տուն-թանգարանում կայացած համատեղ համերգով, որի ընթացքում ելույթ են ունեցել երկու երաժշտական դպրոցների սաները։

 «Քույր դպրոցներ» ծրագիրը նպատակ ունի ամրապնդելու Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական ու արվեստի դպրոցների միջև համագործակցությունը, խթանելու մասնագիտական և ստեղծագործական փորձի փոխանակումը, ինչպես նաև ընդլայնելու սովորողների՝ համատեղ մշակութային և կրթական նախաձեռնություններին մասնակցելու հնարավորությունները։

Ծրագիրը կարևոր հարթակ է տարբեր համայնքներում երաժշտական կրթություն ստացող երեխաների շփման, ստեղծագործական կարողությունների բացահայտման և զարգացման համար։ Համատեղ համերգները, ճանաչողական այցելություններն ու մասնագիտական շփումները նպաստում են նաև դպրոցների միջև երկարաժամկետ գործընկերային կապերի ձևավորմանը։