Հայտնի են ռազմամարզական խաղերի հաղթողները
հոկտեմբեր 20, 2026
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Պաշտպանության նախարարության հետ համատեղ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում անցկացրել է նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի եզրափակիչ փուլի մրցումները:
Ռազմամարզական խաղերն անցկացվել են 4 փուլով: Խաղերի 2-րդ համայնքային փուլին մասնակցել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների շուրջ 5110 աշակերտներ, 4-րդ՝ եզրափակիչ փուլի մրցումներին՝ ՀՀ մարզերում և Երևան քաղաքում առաջին տեղեր գրաված դպրոցների հավաքական թիմերը:
Ռազմամարզական խաղերի ծրագրում ներառված են մի շարք մարզաձևեր, այդ թվում՝ 8 կգ-անոց ուսապարկով փոխանցավազք (4 x 50 մ), ձգումներ պտտաձողից, կրոսավազք (1000մ), հրաձգություն և այլն։
Ռազմամարզական խաղերի եզրափակիչ փուլի մրցումներում մրցանակային 1-ին տեղը գրավել է Շիրակի մարզի Սառնաղբյուրի Մ. Մադաթյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը, 2-րդ տեղը զբաղեցրել է Կոտայքի մարզի Զառ գյուղի Ժ. Սարգսյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակի ավագ դպրոցը: Պարգևատրվել են նաև անհատական պայքարում լավագույն արդյունք ցույց տված դպրոցականները:
Թիմերի անդամները և դպրոցները պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հավաստագրերով, մեդալներով, գավաթներով, նվերներով և մարզագույքով։ Շնորհակալագրերով և մարզագույքով պարգևատրվել են 4-ից 11-րդ տեղեր գրաված մարզերի դպրոցները:
Պարգևատրման արարողությունն իրականացրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտի քաղաքականության վարչության ծրագրերի իրականացման բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանը, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ֆիզիկական պատրաստության և սպորտի ամբիոնի պետ-ֆիզպատրաստության և սպորտի պետ, գնդապետ Ռոման Կարապետյանը, մրցումների գլխավոր մրցավար, գնդապետ Ռոբերտ Մկոյանը և ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող Սուրեն Պռազյանը։