Դպրոցական այգուց՝ COP17-ի ամբիոն. դպրոցականները և ուսանողները խոսել են կենսաբազմազանության մասին
հոկտեմբեր 21, 2026
COP17-ի Կանաչ գոտում այսօր տեղի է ունեցել «Երիտասարդները՝ որպես փոփոխությունների շարժիչ ուժ. դպրոցական սնունդ և կենսաբազմազանություն» ինտերակտիվ քննարկումը։ Այն համատեղ կազմակերպել էին ԿԳՄՍ նախարարությունը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» (ԴՍԵԲ) հիմնարկը։ Դպրոցականներն ու ուսանողները ներկայացրել են, թե ինչպես է «Դպրոցական սնունդ» ծրագիրը դառնում կենսաբազմազանության մասին կրթության հարթակ՝ ափսեից մինչև այգի, այգուց մինչև համալսարանական լաբորատորիա։
«Դպրոցական սնունդ» ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2010 թվականին՝ ՊՀԾ-ի աջակցությամբ, իսկ 2023 թվականից ամբողջությամբ ազգայնացվել է և ֆինանսավորվում է պետական բյուջեից։ Այսօր ծրագիրը հանրապետության բոլոր 10 մարզերում ամեն օր առողջ սնունդ է ապահովում տարրական դասարանների ավելի քան 104 հազար աշակերտի համար։ Ծրագրի իրականացման հարցում ԿԳՄՍ նախարարությանն աջակցում է ԴՍԵԲ հիմնարկը։
Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուրի, Լոռու մարզի Նեղոցի և Վանաձորի թիվ 27 դպրոցների աշակերտները պատմել են, թե ինչպես են դպրոցական ափսեն, այգին և ճաշարանը կապված միմյանց հետ։ Նեղոցի դպրոցի աշակերտները դպրոցական այգում աճեցրել են 17 տեսակի մշակաբույս, լաբորատորիայում սնկից պարարտանյութ են ստացել և ստեղծել հեռակառավարվող ջրցան ռոբոտի մոդել։ Երկու աշխատանքն էլ արժանացել են մրցանակների։ Վանաձորի դպրոցում այգին և ճաշարանը նույն շղթայի օղակներ են։
«Դպրոցի սննդի մնացորդները կոմպոստավորում ենք, ստացված պարարտանյութով պարարտացնում ենք դպրոցին կից այգին, իսկ այգում աճեցրած միրգն ու բանջարեղենը հանձնում ենք դպրոցի ճաշարանին, որտեղ սնվում են մեր փոքրիկ ընկերները»,- պատմել է դպրոցի գյուղատնտեսական խմբակի սաներից մեկը. ընդ որում՝ նրա հայրն իր խորհրդով ջերմատանը կաթիլային ոռոգում է տեղադրել։
Հայաստանի թվային գյուղատնտեսության ինստիտուտի հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Վարդան Ուռուտյանի դիտարկմամբ՝ Հայաստանի դպրոցական սննդի և կայուն գյուղատնտեսության փոխգործակցության շնորհիվ համաշխարհային պարտավորությունները ՀՀ համայնքներում վերածվում առօրյա փոփոխությունների, իսկ երեխաները դառնում են նորարար գյուղատնտեսական գիտելիքի տարածողներ։
ԴՍԵԲ հիմնարկի տնօրեն Սաթենիկ Մկրտչյանը նշել է, որ երբ մեծերին միանում են փոքրերը, լուծումներն ավելի հետաքրքիր ու արդյունավետ են դառնում։ Սաթենիկ Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը՝ ի դեմս ԿԳՄՍ նախարարության, քաղաքական կամքի համար, ինչպես նաև ՊՀԾ-ին, Հայաստանի ազգային ագրարային համալսարանին (ՀԱԱՀ) և դպրոցներին։ Նա առաջարկել է նման քննարկումներն ավելի հաճախ կազմակերպել, որպեսզի երեխաներն իրենց աշխատանքի մասին պատմեն նաև միջազգային հարթակներում։
Հանդիպման երկրորդ մասում ՀԱԱՀ ուսանողները ներկայացրել են ՊՀԾ հայաստանյան գրասենյակի կազմակերպած մրցույթում հաղթած նախագծերը։ Դրանք ուղղված են «Վերափոխվող դպրոցական սնունդ՝ հիմնված տեղական արտադրանքի վրա» մոդելի բարելավմանը։ Ուսանողներն առաջարկել են դպրոցների չօգտագործվող բակերում հիմնել ագրոանտառներ, ավտոմատացնել ջերմատների ոռոգումն ու օդափոխությունը, իսկ բակ չունեցող դպրոցներում ներդնել ուղղահայաց գյուղատնտեսություն։
ՊՀԾ հայաստանյան գրասենյակի ղեկավար Լեյլա Մելիուն կարևորել է ներկայացված նախագծերը և նշել, որ ուղղահայաց գյուղատնտեսությունը թույլ կտա գյուղատնտեսական ենթակառուցվածքներ ստեղծել Երևանի այն դպրոցներում, որոնք բակային հողատարածք չունեն։
«Մենք շատ կցանկանայինք ձեզ հետ աշխատել Երևանում ծրագրի ընդլայնման ուղղությամբ, քանի որ տեսնում ենք մեծ պոտենցիալ, ինչպես նաև կարևոր ենք համարում աջակցել երիտասարդների արժեքավոր գաղափարներին»,- ասել է նա։
COP17-ի շրջանակում ԿԳՄՍ նախարարության, ՊՀԾ-ի և ԴՍԵԲ հիմնարկի համատեղ միջոցառումների շարքը կեզրափակվի հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10:00-ին, Կանաչ գոտու աշխատարանների թիվ 5 սենյակում։ Այնտեղ կանցկացվի «Տեղեկացվածությունից դեպի փոփոխություն. միավորելով սնունդը, առողջությունը, կրթությունը և կենսաբազմազանությունը՝ հանուն կայուն ապագայի» գործնական աշխատաժողովը, որը կանդրադառնա առողջ սնուցմանը և ամբողջահատիկ հացի արժեշղթային։