COP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերը
հոկտեմբեր 21, 2026
ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) «Կանաչ գոտում» տեղակայված ԿԳՄՍ նախարարության տաղավարում այսօր ներկայացվել են բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում իրականացվող բարեփոխումները, գիտական հետազոտությունների աջակցության ծրագրերն ու «Ակադեմիական քաղաք» նախագիծը։
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ներկայացուցիչներն այցելուներին ծանոթացրել են գիտության պետական ֆինանսավորման և դրամաշնորհային ծրագրերի հնարավորություններին, գիտահետազոտական ենթակառուցվածքների արդիականացմանն ուղղված նախաձեռնություններին, ինչպես նաև գիտական ներուժի զարգացմանն ու միջազգային համագործակցության ընդլայնմանն ուղղված պետական քաղաքականությանը։
Միջոցառման արտասահմանյան հյուրերին ներկայացվել են ՀՀ բուհերում և գիտական կազմակերպություններում արտերկրի և Սփյուռքի գիտնականների ներգրավման հնարավորությունները, այդ թվում՝ Հայաստանում գիտահետազոտական խմբերի և լաբորատորիաների ստեղծման, հետդոկտորանտական հետազոտությունների իրականացման և միջազգային գիտական համագործակցության աջակցության ծրագրերը։
Երիտասարդ այցելուներին ներկայացվել են առաջատար հետազոտություններում ուսանողների և երիտասարդ մասնագետների ընդգրկման գործուն հնարավորությունները, իսկ դպրոցականներին` Գիտությունը դպրոցում խորագրով միջոցառումները, որոնց թվում են Հայկական համադպրոցական գիտության փառատոնը, Գիտության շաբաթը և Եվրոպական հետազոտությունների գիշերը։
«Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում ներկայացվել են Հայաստանում ժամանակակից, միջազգային չափանիշներին համապատասխան և մրցունակ գիտակրթական միջավայրի ձևավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
COP17-ի «Կանաչ գոտում» ԿԳՄՍ նախարարության տաղավարը գործում է հոկտեմբերի 19–30-ը՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Գիտության և բարձրագույն կրթության ոլորտի ծրագրերը կրկին կներկայացվեն հոկտեմբերի 26-ին։