Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հետևելու բարեկարգման աշխատանքներին
հոկտեմբեր 22, 2026
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով։ Նախարարին ուղեկցել են ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը: Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են ընթացքը՝ տեղեկացնելով, որ շինարարական և բարեկարգման աշխատանքներն ընթանում են ըստ հաստատված ժամանակացույցի։
Նշվել է, որ բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի մինչև տարեվերջ։ Ներկայացվել են նաև հաջորդ տարվա անելիքները։ Քննարկվել է միաժամանակ մի քանի հատվածում աշխատանքներ իրականացնելու հնարավորությունը՝ անհրաժեշտության դեպքում ավելացնելով աշխատուժի և մասնագետների թիվը։ Կարևորվել է նաև ձմռան ամիսներին նախապատրաստական աշխատանքների, մասնավորապես՝ քարերի մշակման և անհրաժեշտ նյութերի պատրաստման կազմակերպումը՝ հաջորդ փուլում աշխատանքների անխափան ընթացքն ապահովելու նպատակով։
Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է շինարարական աշխատանքների ընթացքում հուշահամալիրի այցելուների համար հնարավորինս հարմարավետ և անվտանգ պայմանների ապահովումը` ևս մեկ անգամ ընդգծելով բարձր որակի և սահմանված ժամկետների պահպանման անհրաժեշտությունը: