Գիտական նոր նախագիծ արհեստական բանականության ոլորտում
հոկտեմբեր 22, 2026
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակում իրականացվող «Արևելյան գործընկերության երկրներում գերազանցության զարգացման համար արհեստական բանականության ոլորտում հետազոտությունների և նորարարության ընդլայնում» (WARIE) նախագծի պաշտոնական բացմանը։ Նախագիծն իրականացվում է Horizon Europe-European Excellence Initiative նախաձեռնության շրջանակում և համակարգվում է Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի կողմից. ներկայացված 284 հայտերից ընտրվել է շուրջ 10 տոկոսը։ Նախագիծը միավորում է Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի և Շվեդիայի 13 առաջատար գիտահետազոտական և բարձրագույն կրթության հաստատությունների։ Հայաստանյան կողմից կոնսորցիումում ընդգրկված է նաև Երևանի պետական համալսարանը: Ավելի քան 4,2 միլիոն եվրո բյուջեով WARIE նախագծի տևողությունը չորս տարի է։
Հայաստանի մասնակցությունը «Հորիզոն Եվրոպա» ծրագրին հետևողականորեն ընդլայնվում է
Ողջույնի խոսքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Հայաստանի մասնակցությունը «Հորիզոն Եվրոպա» ծրագրին հետևողականորեն ընդլայնվում է. հայաստանյան կազմակերպությունների մասնակցությամբ վերջին հինգ տարիներին կնքվել է 31 դրամաշնորհային պայմանագիր՝ շուրջ 10,7 միլիոն եվրո ընդհանուր բյուջեով։
ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թթ․ ռազմավարական ծրագրի առանցքային նպատակներից են գիտական գերազանցության խթանումը, մարդկային ներուժի զարգացումը, հետազոտական ենթակառուցվածքների արդիականացումը, գիտական արդյունքների գործնական կիրառության ընդլայնումը և Հայաստանի առավել խոր ինտեգրումը միջազգային գիտական համակարգին։
Պետական ներդրումների աճ․ գիտության բյուջեն եռապատկվել է
Նախարարի ընդգծմամբ՝ առաջնահերթությունները զուգորդվում են նաև պետական ներդրումների աննախադեպ աճով․ 2018 թվականի համեմատ գրեթե եռապատկվել է գիտության պետական ֆինանսավորումը։
«Ներդրումներ են իրականացվել հետազոտական ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ, էապես ընդլայնվել են գիտական դրամաշնորհները։ Մեր նպատակն է ձևավորել գիտակրթական այնպիսի համակարգ, որտեղ ժամանակակից ենթակառուցվածքները, բարձր որակավորում ունեցող մասնագետները և միջազգային համագործակցությունը միասին նպաստում են նոր գիտելիքի ստեղծմանն ու գործնական լուծումների մշակմանը։ Այս տեսլականին է ծառայում նաև «Ակադեմիական քաղաք» ծրագիրը։ Նախագծի նշանակությունը պետք է դիտարկել հենց այս համատեքստում, քանի որ այն միավորում է Հայաստանի գիտության զարգացման ռազմավարական առաջնահերթությունները, Եվրոպական միության հետ համագործակցության հնարավորությունները և Արևելյան գործընկերության շրջանակում գիտական կարողությունների ամրապնդման ընդհանուր նպատակը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։
Կստեղծվեն արհեստական բանականության գերազանցության կենտրոններ
Նախագծի շրջանակում նախատեսվում է ստեղծել արհեստական բանականության միջգիտակարգային հետազոտական գերազանցության կենտրոններ, զարգացնել հետազոտական կառավարման համակարգերը, ներդնել բաց գիտության սկզբունքներին համապատասխան թվային ենթակառուցվածքներ և ընդլայնել երիտասարդ գիտնականների մասնագիտական զարգացման հնարավորությունները։
Ելույթներով հանդես են եկել նաև Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը: