Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Մշակույթ

Կառավարությունը 148,5 մլն դրամ լրացուցիչ գումար է հատկացրել միջնադարյան բացառիկ ձեռագրերի ձեռքբերման համար

հոկտեմբեր 22, 2026

ՀՀ կառավարությունը բյուջեի պահուստային ֆոնդից 148,5 մլն դրամ կհատկացնի պատմամշակութային և գիտական բացառիկ նշանակություն ունեցող երկու հայկական ձեռագրերի ձեռքբերման և Հայաստան տեղափոխման նպատակով։ Դրանք կհամալրեն Մատենադարանի գիտական հավաքածուն։

Որոշումն ընդունվել է գործադիրի այսօրվա նիստում։ Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ տարբեր երկրներում գտնվող հայկական մշակութային արժեքների ձեռքբերումն ու հայրենադարձությունը Կառավարության շարունակական քաղաքականության կարևոր ուղղություններից են։ Այդ արժեքները համալրում են մեր թանգարանների հավաքածուները։

Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ նախատեսվում է ձեռք բերել Ջեսելսոնի մասնավոր հավաքածուի հինգ հայկական ձեռագրերից երկուսը։ Մատենադարանի տնօրենի գլխավորած պատվիրակությունը 2026 թվականի օգոստոսի 20-23-ը Վիեննայում հանդիպել է հավաքածուի ներկայիս սեփականատեր, «INLIBRIS Gilhofer Nfg. GmbH» ընկերության տնօրեն Հյուգո Վեցչերեկի հետ և քննարկել ձեռագրերի ձեռքբերման պայմանները։ Բանակցությունների արդյունքում հինգ ձեռագրերը մեկ փաթեթով ձեռք բերելու համար նախապես առաջարկված 600 հազար եվրո ընդհանուր արժեքը նվազեցվել է մինչև 505 հազար եվրո՝ ներառյալ բոլոր հարկերն ու այլ վճարները։ Սեփականատերը համաձայնել է նաև առնվազն վեց ամիս ժամկետով Մատենադարանին շնորհել առաջնահերթ գնորդի կարգավիճակ։

Նախարարը նշել է, որ հավաքածուում ընդգրկված երկու ձեռագրերի բացառիկ արժեքը հաստատել են ինչպես Մատենադարանի ձեռագրերի գնահատման հանձնաժողովը, այնպես էլ միջազգային հեղինակավոր գիտնականները, որոնց երաշխավորական նամակները ներկայացված են նախագծին կից։

«Վերջին երեք տարում սա կլինի արդեն չորրորդ ձեռագիրը, որը պետության աջակցությամբ ձեռք ենք բերում Մատենադարանի համար»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը։

Սարգիս Պիծակի 1353 թվականի ժողովածուն՝ բացառիկ գիտական և արվեստաբանական արժեք

Ձեռագրերից մեկը, ըստ Ժաննա Անդրեասյանի, 1353 թվականին Կիլիկիայի Դրազարկի վանքում նշանավոր գրիչ և ծաղկող Սարգիս Պիծակի ընդօրինակած ժողովածուից է, որի գնահատված արժեքը 250 հազար եվրո է։ Մատյանը պարունակում է ճառեր, սրբերի վարքեր և պարականոն բնագրեր։ «Պիծակը կիլիկյան մանրանկարչական արվեստի լավագույն ներկայացուցիչներից է և մեր մանրանկարչության ամենաերևելի դեմքերից մեկը։ Մեզ Պիծակից հայտնի է շուրջ չորս տասնյակ մատյան, որոնցից չորսում պահպանվել է նաև նրա ինքնանկարը»,- նշել է նախարարը։

Մատենադարանում ներկայում պահվում են Պիծակի գրչին պատկանող կամ նրան վերագրվող ավելի քան տասը ձեռագրեր։ Ձեռքբերման ենթակա մատյանը պատկանում է Պիծակի ստեղծագործական գործունեության ուշ շրջանին։ 1353 թվականից հետո նրա ընդօրինակած և ծաղկած որևէ այլ մատյան հայտնի չէ, ինչն այս ձեռագրին հաղորդում է առանձնահատուկ կենսագրական և արվեստաբանական նշանակություն։

«Ձեռագրի կազմին ամրացված է փղոսկրե հարթաքանդակ, որը մինչ օրս բավարար գիտական ուսումնասիրության չի արժանացել։ Սա բացառիկ հնարավորություն է՝ ձեռագիրը և փղոսկրե հարթաքանդակը մեկ ամբողջության մեջ պահպանված տեսնելու, ինչպես նաև ուսումնասիրելու դրա ծագումը, թվագրումն ու գործառույթը և բացահայտելու միջնադարյան ձեռագրական ու կիրառական արվեստների փոխառնչությունները»,- ներկայացնելով նախագիծը՝ ասել է նախարարը և հավելել, որ Մատենադարանում վերջին տարիներին ձևավորված լաբորատոր ենթակառուցվածքները նոր հնարավորություններ են ստեղծում նման արժեքների համակողմանի գիտական ուսումնասիրության համար։

Հատկանշական է, որ Մատենադարանում է պահվում նաև Էջմիածնի Ավետարանը՝ փղոսկրե կազմատախտակներով։ Նոր ձեռագրի ձեռքբերումը հնարավորություն կտա համեմատական ուսումնասիրության ենթարկել հայկական ձեռագրերի հետ առնչվող փղոսկրե արվեստի բացառիկ նմուշները։

Նոր Ջուղայի մանրանկարչական դպրոցի լավագույն նմուշներից մեկը

Երկրորդ ձեռագիրը 1695 թվականին Սպահանում՝ Նոր Ջուղայում, Ազարիա գրչի ընդօրինակած և ծաղկած Ավետարանն է, որի գնահատված արժեքը 95 հազար եվրո է։

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ մատյանը դասվում է Նոր Ջուղայի մանրանկարչական դպրոցի լավագույն նմուշների շարքին։ Այն աչքի է ընկնում հարուստ գունաշարով, տերունական պատկերներով, սուրբգրային տեսարաններն արտացոլող մանրանկարներով, լուսանցազարդերով և զարդատառերով, ինչպես նաև Նոր Ջուղայի դպրոցին բնորոշ նուրբ գծանկարչությամբ։

«Մեզ հետ կապվում են տարբեր մասնավոր հավաքածուների, աճուրդների ներկայացուցիչներ և առաջարկում որոշակի բացառիկ նմուշներ: Ընդ որում՝ ոչ միշտ է, որ մենք խոսում ենք գնելու մասին. օրինակ՝ այս պահին բանակցում ենք անվանի քանդակագործ և նկարիչ Արտո Չաքմաքչյանի ընտանիքի հետ: Ընտանիքը պատրաստվում է անվանի արվեստագետի ամբողջ հավաքածուն նվիրաբերել պետությանը՝ որոշակի ծախսեր հոգալու պայմանով»,- նշել է նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով՝  վերջին երկու տարում թանգարաններն ավելի քան կրկնապատկել են սեփական եկամուտները: Ուշադրություն է դարձվում նաև նոր ենթակառուցվածքների ձևավորմանը, ինչպես նաև հուշանվերային խանութներին, որոնք թանգարանային գործունեության կարևոր մաս են:

Ձեռագրերի ձեռքբերումը՝ գիտության ֆինանսավորման շրջանակում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարևորելով որոշման ընդունումը, ընդգծել է՝ Կառավարության պահուստային ֆոնդից  տրվող միջոցները նույնպես ուղղված են գիտության ֆինանսավորման աճին: Մասնավորապես՝ 148,5 մլն դրամը կհատկացվի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից՝ Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրի շրջանակում:

Միաժամանակ, «Մատյանների տունդարձը» նախաձեռնության շրջանակում Մատենադարանը նախատեսում է նախաձեռնել համահայկական դրամահավաք՝ Ջեսելսոնի հավաքածուի բոլոր հինգ հայկական ձեռագրերի ձեռքբերման նպատակով։