Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Մշակույթ

«ԳԱԿ. մշակութային խաչմերուկ»․ վարպետության դասեր արտերկրի արվեստագետների մասնակցությամբ

հուլիսի 09, 2026

«ԳԱԿ. մշակութային խաչմերուկ» կրթամշակութային ծրագրի  շրջանակում Վրաստանից, Իրանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Գերմանիայից և Ճապոնիայից ժամանած ժամանակակից արվեստագետները Երևանում, Գորիսում, Վանաձորում և Սևանում անցկացրել են շուրջ 45 վարպետության դաս և ստեղծագործական աշխատարան՝ ավելի քան 600 մասնակցի համար։

Վարպետության դասերին զուգահեռ կազմակերպվել են հանդիպումներ, որոնց ընթացքում արվեստագետները ներկայացրել են իրենց ստեղծագործական ուղին, կիսվել մասնագիտական փորձով, ժամանակակից արվեստի վերաբերյալ մոտեցումներով և միջազգային գործունեության փորձառությամբ։

«ԳԱԿ. մշակութային խաչմերուկ» կրթամշակութային ծրագիրն արդեն չորրորդ անգամ իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Գեղագիտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ։

Ծրագրին մասնակից արտերկրի արվեստագետներ՝

  • Ֆրանկո Ցեզար Զանետտի (Իտալիա)՝ վիդեո և մուլտիմեդիա արտիստ, «Լույսի պատմություններ» աշխատարանի հեղինակ
  • Հյուգո Բրիկու (Ֆրանսիա)՝ վիզուալ արտիստ, «Գլխարկ-դիմակներ» աշխատարանի հեղինակ
  • Լյուբա Նաչկեբիա (Վրաստան)՝ խորեոգրաֆ, վրացական պարերի աշխատարանի ղեկավար
  • Մարի Հանե (Գերմանիա)՝ դերասան և կատարողական արվեստագետ, թատրոնի աշխատարանի ղեկավար
  • Արաշ Բահրամիաղդամ (Իրան)՝ վիզուալ արտիստ, «Պարող կարպետներ» աշխատարանի հեղինակ
  • Չիակի Շիմիզու (Ճապոնիա)՝ նորաձևության դիզայներ, «BORO կիմոնո» աշխատարանի հեղինակ նա ներկայացրել է կարի և հագուստի վերանորոգման ճապոնական ավանդական արվեստը։

Արտերկրից ժամանած արվեստագետներն այցելել են Երևանի և մարզերի թանգարաններ ու մշակութային կենտրոններ, հանդիպումներ ունեցել հայ ժամանակակից արվեստագետների ու ոլորտի ներկայացուցիչների հետ՝ հաստատելով նոր մասնագիտական կապեր և քննարկելով հետագա համագործակցության հնարավորությունները։