«Սիմֆոնիկ Եվրոպա». համերգ՝ նվիրված հայ և եվրոպացի ժողովուրդների բարեկամությանը
հոկտեմբեր 24, 2026
Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի՝ «Սիմֆոնիկ Եվրոպա» խորագրով համերգը, որը նվիրված է հայ և եվրոպացի ժողովուրդների երկարամյա բարեկամությանն ու մշակութային կապերին:
Համերգը կյանքի է կոչվել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ։
Ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:
«Այս գեղեցիկ նախաձեռնությունն արդեն երկրորդ տարին անընդմեջ դարձել է Հայաստանի և Եվրոպական միության մշակութային համագործակցության կարևոր իրադարձություններից մեկը։ Այն վկայում է, որ մշակույթը ոչ միայն ինքնության պահպանման և հանրահռչակման միջոց է, այլև ժողովուրդներին միավորելու, վստահություն ձևավորելու և ընդհանուր արժեքները բացահայտելու բացառիկ հնարավորություն։
Հայաստանն ու Եվրոպան ունեն մշակութային հարուստ ժառանգություն, ստեղծագործական ավանդույթներ, կրթության ու գիտելիքի նկատմամբ խոր հարգանք։ Մեր մշակութային երկխոսությունը նաև ապագայի համատեղ կառուցման հնարավորություն է՝ նոր գաղափարների, ստեղծագործական համագործակցության, երիտասարդ արվեստագետների մասնագիտական զարգացման և մշակութային նորարարությունների միջոցով», - իր խոսքում նշել է նախարար Ժաննա Անդրեասյանը։
ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն ընդգծել է, որ Եվրոպական միությունն ու Հայաստանն այսօր առավել մոտ են, քան երբևէ, իսկ «Սիմֆոնիկ Եվրոպա» համերգը վերածվել է շարունակաբար ամրապնդվող և մշակութային կապերը նշանավորող ամենամյա տոնակատարության։
«Եվրոպական միությունը հաստատապես Հայաստանի կողքին է։ Այս գեղեցիկ երեկոյի ընթացքում եկեք նշենք մշակույթի, արվեստի և երաժշտության ուժը, որը միավորում է մեզ»,- ասել է նա։
«Սիմֆոնիկ Եվրոպա» համերգային ծրագրում հնչել են եվրոպացի կոմպոզիտորների լավագույն ստեղծագործությունների ընտրանին, երաժշտության տարբեր երանգներ՝ Բեթհովենի դրամատիկ «Կորիոլան» նախերգանքից մինչև Վերդիի «Սիցիլիական ժամերգություն» օպերայի նախերգանքն ու Դեբյուսիի «Ծովը»։
Համերգը ղեկավարել է դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Բեթհովենի Դաշնամուրի թիվ 4 կոնցերտը ներկայացրել է աշխարհահռչակ դաշնակահար Ալիս Սառա Օտտը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։
Դաշնակահար Ալիս Սառա Օտտը մեր օրերի ամենաառաջադեմ դասական երաժիշտներից է։ Նրա գործունեությունն առանձնանում է ստեղծագործական ինքնատիպ նախագծերով, համաշխարհային հաջողություն գրանցած ալբոմներով և աշխարհի առաջատար նվագախմբերի ու դիրիժորների հետ համագործակցություններով։