Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Մշակույթ

Քննարկվել են «Պետրոֆ» ընկերության հետ մշակութային համագործակցության հեռանկարները

հոկտեմբեր 27, 2026

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանն ընդունել է «Պետրոֆ» /Petrof/  չեխական ընկերության սեփականատեր և գործադիր տնօրեն Զուզանա Ցերալովա Պետրոֆովային: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը:

Ողջունելով հյուրերին՝ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը նշել է, որ բարձր է գնահատում Հայաստան-Չեխիա մշակութային երկկողմ հարաբերությունները և ընդգծել, որ «Petrof» ապրանքանիշի բարձրակարգ դաշնամուրները քաջածանոթ ու սիրված են հայ երաժշտական արվեստի ներկայացուցիչների և լայն հանրության կողմից:

Ներկայացնելով ընկերության համագործակցության առաջարկը՝ Զուզանա Ցերալովա Պետրոֆովան պատմել է, որ դաշնամուրներն ու երաժշտական այլ բարձրակարգ գործիքներն արտադրվում են Չեխիայի Հրադեց Կրալովե քաղաքում։

Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավորություններն ու հեռանկարային ծրագրերը: Անդրադառնալով հետագա գործնական քայլերին՝ Տիգրան Վիրաբյանը նշել է, որ համապատասխան առաջարկությունների փաթեթը կքննարկվի շահառու կազմակերպությունների ու երաժշտական ուսումնական հաստատությունների հետ:

Հանդիպման շրջանակում անդրադարձ է կատարվել նաև մշակութային փոխանակումներին՝ համատեղ համերգային ծրագրերի իրականացմանն ու ստեղծագործական կապերի ամրապնդմանն ուղղված այլ նախաձեռնություններին: