Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Մշակույթ

Գի Բովեի երգեհոնային կատարումները՝ Չարենցավանում և Երևանում

հոկտեմբեր 27, 2026

Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության 4-րդ միջազգային փառատոնի շրջանակում Չարենցավանում և Երևանում մենահամերգներով հանդես է եկել շվեյցարացի անվանի երգեհոնահար և կոմպոզիտոր Գի Բովեն։

Փառատոնն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ։

Երաժիշտը ելույթ է ունեցել Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցում, իսկ Երևանում՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։

Համերգների ծրագրերում ընդգրկված էին Յոհան Սեբաստիան Բախի, Անդրե Ռեյսոնի, Ֆրանսուա Կուպերենի, Ալեքսանդր Պիեռ Ֆրանսուա Բոելի, Ֆրանսուա Դելորի, Ժան Ալենի, Ֆրանցիսկո Կոռեա դե Արաուքսոյի և Ջակոմո Պուչինիի ստեղծագործությունները, ինչպես նաև Գի Բովեի հեղինակած «Սարասոտան» և «Ֆանդանգո միոն» ու իսպանական, մեքսիկական և շվեյցարական ժողովրդական երաժշտության նմուշներ։

Համերգային ծրագրերն առանձնացել են երաժշտական ոճերի և ազգային ավանդույթների բազմազանությամբ՝ ներկայացնելով երգեհոնի հարուստ հնչողությունն ու կատարողական հնարավորությունները։

Համերգների ավարտին Գի Բովեն որպես բիս ներկայացրել է իմպրովիզացիա՝ Կոմիտասի «Անձրևն եկավ» ստեղծագործության թեմայով։

Բովեն երգեհոնային արվեստի ամենահեղինակավոր մասնագետներից և հետազոտողներից է։ Որպես պատմական երաժշտական գործիքների վերականգնման և պահպանման ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետ՝ նա հեղինակել է երգեհոնի պատմությանը նվիրված շուրջ 1400 հոդված։ Նա դասավանդել է Եվրոպայի մի շարք հեղինակավոր երաժշտական հաստատություններում, այդ թվում՝ Բեռլինի, Վիեննայի, Օսլոյի, Հելսինկիի, Դուբլինի, Լոնդոնի և Մարսելի երաժշտական ակադեմիաներում։ Երաժիշտը ձայնագրել է ավելի քան 50 ալբոմ և հեղինակել շուրջ 250 երաժշտական ստեղծագործություն։

Գի Բովեի՝ Չարենցավանում և Երևանում կայացած համերգներն իրականացվել են Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանության աջակցությամբ։