Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Կրթություն

Ժաննա Անդրեասյանը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները

հոկտեմբեր 30, 2026

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներին՝ քննարկելու ոլորտում իրականացվող բարեփոխումները, առաջիկա ծրագրերն ու համատեղ աշխատանքի առաջնահերթությունները։

Հանդիպմանը մասնակցել են նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Լիլիթ Մկրտչյանը և նախագահի տեղակալ Հարություն Սարգսյանը։ Ներկայացնելով Լիլիթ Մկրտչյանին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է կոմիտեի և բուհերի միջև շարունակական և արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ համակարգային փոփոխությունների հաջողությունը մեծապես պայմանավորված է բուհական համայնքի ակտիվությամբ ու նախաձեռնողականությամբ:

Հանդիպման առանցքային թեմաներից են եղել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի մշակման աշխատանքները։ Ժաննա Անդրեասյանը ռեկտորների ուշադրությունը հրավիրել է հանրային քննարկման ներկայացված՝ բարձրագույն կրթության կազմակերպման և պետության կողմից ուսանողներին կրթաթոշակների տրամադրման նոր կարգերի նախագծերի վրա՝ հորդորելով ներկայացնել առաջարկություններ և դիտարկումներ։

«Մեր սկզբունքները մնում են նույնը՝ հնարավորինս քիչ վարչարարություն, պարզ ընթացակարգեր, թվայնացում և ուսանողակենտրոնություն։ Այս սկզբունքները պետք է ընկած լինեն բոլոր գործընթացների կազմակերպման հիմքում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։

Անդրադառնալով կրթաթոշակների հատկացման նոր համակարգի ներդրմանը՝ Ժաննա Անդրեասյանը շեշտել է, որ դրա հիմնական նպատակներից է բարձրագույն կրթության հասանելիության ընդլայնումը՝ հատկապես սոցիալական դժվարություններ ունեցող ուսանողների համար։ Նախատեսվող մոտեցմամբ՝ ընդունելության մրցութային շեմը հաղթահարած և սոցիալական աջակցության կարիք ունեցող ուսանողները պետք է հնարավորություն ունենան օգտվելու կրթաթոշակային համակարգից ուսումնառության հենց սկզբից։ Հետագա փուլերում կրթաթոշակի տրամադրումը փոխկապակցված կլինի ուսանողի առաջադիմության հետ։ Միաժամանակ, կարևորվել է ակադեմիական գերազանցության խրախուսման արդյունավետ մեխանիզմների ներդրումը։ Քննարկվել են նաև բուհերի ինստիտուցիոնալ ֆինանսավորման նոր մեխանիզմները։

Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև «Ակադեմիական քաղաք» ծրագրին` տեղեկացնելով, որ 2027 թվականից կմեկնարկի ուսանողական կացարանների կառուցումը։ Զուգահեռաբար շարունակվում են ակադեմիական և տեխնոլոգիական կլաստերների ստեղծման նախապատրաստական աշխատանքները։ Քննարկվել են նաև բարձրագույն կրթության համակարգի թվայնացման, միասնական էլեկտրոնային հարթակի ներդրման, բուհերի միջազգային մրցունակության բարձրացման և այլ հարցեր: