Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Կրթություն

Նախագիծ. փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ

հոկտեմբեր 30, 2026

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում փոփոխություն կատարելու մասին նախագիծը:

ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշման մեջ առաջարկվող փոփոխությունները միտված են կամավոր ատեստավորման արդյունքների հիման վրա ուսուցիչների վարձատրության կարգավորումների հստակեցմանը, դրույքաչափի բարձրացման հնարավորության ընդլայնմանը, ինչպես նաև ատեստավորման գործընթացի կազմակերպման և ֆինանսավորման հետ կապված հարցերի կարգավորմանը։

Նախագծով առաջարկվում է ուսուցչի դրույքաչափի բարձրացում՝ մինչև 300 000 դրամ` համաձայն ՀՀ կառավարության 2026-2031 թվականների ծրագրի:

Ըստ այդմ՝ ուսուցիչների կամավոր ատեստավորման առաջին փուլը հաղթահարած ուսուցիչների համար իրականացվելու է կամավոր ատեստավորման երկրորդ փուլ` դրույքաչափը սահմանելով 300 հազար ՀՀ դրամ՝ համապատասխանաբար 30, 40, 50% հավելավճարով:

Այս միջոցառման կատարումն ապահովելու նպատակով առաջարկվում է 2027 թվականից սկսած՝ ատեստավորումն անցած ուսուցիչների համար 2028 թվականի հունվարի 1-ից մեկ դրույք ծանրաբեռնվածության դիմաց սահմանել 300 000 դրամ դրույքաչափ՝ հետևյալ դեպքերում՝

  • ուսուցիչը կամավոր ատեստավորման արդյունքում ստացել է 90-100 տոկոս արդյունք և կրկին մասնակցելով ատեստավորմանը՝ համարվել է ատեստավորված,
  • ուսուցիչը մասնակցել է կամավոր ատեստավորմանը և համարվել ատեստավորված, իսկ այդ արդյունքի հիման վրա սահմանված հնգամյա ժամկետը լրացել է՝ անկախ ատեստավորմանը մասնակցելու ժամանակահատվածից։

Առաջարկվում է հստակեցնել «ավելի բարձր արդյունք» և «ավելի ցածր արդյունք» հասկացությունները՝ սահմանելով համապատասխան կարգավորումներ։

Առաջարկվում է սահմանել, որ ուսուցիչների դրույքաչափերի փոփոխության և հավելավճարների տրամադրման նպատակով նախարարության և ուսումնական հաստատությունների միջև, իսկ մինչև 2028 թվականի հունվարի 1-ը՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության ուսումնական հաստատությունների մասով նաև Երևանի քաղաքապետարանի և այդ հաստատությունների միջև կնքվող պայմանագրերով ու դրանց առնչությամբ կնքվող համաձայնագրերով նախատեսվող գումարների հաշվարկման հիմք են ընդունվում Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ուսումնական հաստատությունների կողմից մուտքագրված տվյալները:

Առաջարկվող փոփոխությունների ընդունմամբ կստեղծվեն ուսուցիչների վարձատրության կարգավորումների առավել հստակ և կանխատեսելի պայմաններ, կսահմանվեն դրույքաչափի բարձրացման լրացուցիչ հնարավորություններ և կկարգավորվեն ատեստավորման արդյունքների փոփոխության հետևանքով հավելավճարի տրամադրման ու ֆինանսական հաշվարկների իրականացման հետ կապված հարցերը։

Իրավական ակտերի նախագծերի e-draft.am միասնական հարթակում շահառու կառույցները, մասնագետներն ու փորձագետները կարող են նախագծի վերաբերյալ իրենց կարծիքները, դիտարկումներն ու առաջարկները ներկայացնել մինչև 2026 թ. նոյեմբերի 13-ը ներառյալ: