Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Կրթություն

Կայացել է «ՏՀՏ–ն կրթության մեջ» խորագրով ամենամյա խորհրդաժողովը

հոկտեմբեր 30, 2026

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կազմակերպած «ՏՀՏ–ն կրթության մեջ» խորագրով ամենամյա խորհրդաժողովին։ Միջոցառման ընթացքում ներկայացվել են կրթության կառավարման նոր համակարգի, ինչպես նաև ԻԹվինինգ ծրագրի առաջընթացի և զարգացման նոր հնարավորությունները, մասնավորապես՝ կրթության թվայնացման ուղղությամբ իրականացված մեծածավալ աշխատանքները:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը, ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը, Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի ԿԶՆԱԿ-ի տնօրեն Ժաննա Հարությունյանը, Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը, Կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արսեն Բաղդասարյանը, նախարարության մասնագիտական և աջակցող ստորաբաժանումների պատասխանատուներ, համակարգի այլ կառույցների ներկայացուցիչներ։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ կրթության համակարգի թվայնացման ուղղությամբ իրականացվել է մեծածավալ աշխատանք, որը ներկայում շարունակվում է` նպատակ ունենալով բարելավել արդյունավետությունը և տարբեր համակարգերի միջև փոխգործելիության գործուն մեխանիզմների ապահովումը: Նախարարն անդրադարձել է տեղեկատվական անվտանգության և թվայնացման ստանդարտների ուղղությամբ Կառավարության որդեգրած համապարփակ մոտեցումներին՝ ընդգծելով, որ իրականացվող բարեփոխումները ենթադրում են համապատասխան փոփոխություններ բոլոր տեղեկատվական համակարգերում ու շտեմարաններում։ Ըստ նրա՝ գործընթացի մեկնարկային փուլում ի հայտ եկող դժվարություններն օրինաչափ են, քանի որ թվայնացման ծավալների ընդլայնմանը զուգընթաց՝ կիբերանվտանգության հարցերն ավելի կենսական են դառնում, իսկ համակարգերի խոցելիության ռիսկը՝ մեծանում։ Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը հատուկ շեշտադրել է կրթության կառավարման տեղեկատվական համակարգի մեծածավալ տվյալների բազայի պաշտպանության և այլ պետական համակարգերի հետ դրա փոխգործելիության ապահովման կարևորությունը՝ նշելով, որ մասնագիտական ստանդարտների սահմանումն ու անվտանգությունն առաջնային են:

Անդրադառնալով թվային տիրույթում պատասխանատվության բարձրացմանը և սպասվող լայնածավալ փոփոխություններին՝ նախարարը նշել է. «Անհրաժեշտ է ամրապնդել այն գիտակցումը, որ տեղեկատվական հարթակներում ներկայացված է պաշտոնական փաստաթղթաշրջանառություն, և մուտքագրվող տվյալների հիման վրա են կայացվում կարևորագույն որոշումները, այդ թվում՝ ֆինանսավորման մասով, որի շրջանակում պետական բյուջեից դպրոցներին հատկացվում է ֆինանսավորում։ Ոչ պատշաճ վարչարարությունը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեղծում ողջ համակարգի համար: Հունվարից մարզային դպրոցների կառավարման և ֆինանսավորման գործառույթներն անցնելու են նախարարության տիրույթ, և թվային գործիքների ու վարչարարության պատշաճ որակը հրամայական է՝ նման ծավալի աշխատանքն արդյունավետ կազմակերպելու համար»։

Նախարարի խոսքով` կրթության կառավարման տեղեկատվական համակարգի արդյունավետ աշխատանքի հետ կապված լուրջ անելիք ունեն նաև հաստատությունների տնօրենները, որոնք պետք է մեծ պատասխանատվությամբ վերաբերվեն մուտքագրվող տվյալների ճշգրտությանը: Անդրադառնալով տեղեկատվական համակարգի դերին՝ նախարարը շեշտել է, որ այս հարթակը կրթության ոլորտի կարևորագույն գործիքներից մեկն է, որը շարունակաբար զարգանալու է։ Նա հույս է հայտնել, որ ներկաները, որպես հարթակի շահագրգիռ օգտատերեր, քննարկումների ընթացքում ոչ միայն կիրազեկվեն, այլև ակտիվորեն կփոխանցեն իրենց դիտարկումներն ու կարծիքները, ինչը հնարավորություն կտա էլ ավելի լավարկելու համակարգը, այն դարձնելու առավել կիրառելի բոլորի համար՝ միաժամանակ հստակեցնելով դրա հետագա զարգացման ուղղությունները։

Նախարար Ժաննա Անդրեասյանը, եզրափակելով խոսքը, բարձր է գնահատել ոլորտի մասնագետների ջանքերը՝ ակնկալելով նրանց ակտիվ մասնակցությունը հարթակի հետագա լավարկման և զարգացման քննարկումներում։ Նա շնորհակալությունն է հայտնել պատասխանատուներին և մասնագիտական թիմին` ներդրված ջանքերի, արդեն կատարված և նախատեսվող աշխատանքի համար։

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Արտակ Պողոսյանը ներկայացրել է myemis կրթության կառավարման նոր համակարգը։ Նա նշել է, որ միասնական այս հարթակը ներառում է բազմաթիվ ֆունկցիոնալ ենթահամակարգեր՝ սկսած էլեկտրոնային օրագրերից մինչև առաջին և տասներորդ դասարանցիների ընդունելության, ինչպես նաև ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտագրման, քոլեջների ընդունելության հայտերի ներկայացման և այլ հարթակներ: Համակարգային հասանելիությունը տարբերակված է ըստ թիրախային խմբերի․ ուսուցիչները, դպրոցների տնօրենները, քաղաքացիները և ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներն ունեն իրենց գործառույթներին համապատասխանող առանձին հնարավորություններ, ինչը նախարարության աշխատակիցներին թույլ է տալիս նաև ստանալ ու կիրառել վերլուծական ամբողջական տվյալներ։

Արտակ Պողոսյանն անդրադարձել է նաև հարթակի կրթական վիճակագրության և վերլուծության բաժնին, որտեղ հասանելի են դպրոցների վերաբերյալ տարիների դինամիկան արտացոլող տվյալներ, ինչպես նաև առավել հաճախ գործածվող հաշվետվություններ, որոնք կարող են կազմվել նաև համակարգից օգտվող օգտատիրոջ ընտրությամբ: Կրթության կառավարման համակարգում, բացի դպրոցներից, ներառված են նաև քոլեջները, նախադպրոցական հաստատությունները և բուհերը: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության համակարգի թվայնացման այլ աշխատանքներ: